Քաղաքական

«Մեկ հայ՝ մեկ քվե». Սասունյանը համասփյուռքյան նոր կառույցի առաջարկ է անում

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հայաստան- Սփյուռք» համաժողովի ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարել էր, որ մոտ ժամանակները պատրաստվում է դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Սիսի կաթողիկոսարանը։ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն ասում, որ  վաղուց ժամանակն է՝ մենք Ցեղասպանության ճանաչման պահանջից անցնեք իրավական  պահանջատիրության։

Պահանաջատիրությաւն քայլերից զատ Հարութ Սասունյանը մշակել է  նոր՝ «Մեկ հայ՝ մեկ քվե» նախագիծը, որը նա ցանկանում է կյանքի կոչել: Այս նախագծով  կարելի է համասփյուռքյան ընտրություններ կազմակերպել, 18-ը լրացած հայերը ամեն համայնքում ձայների մեծամասնությամբ պատգամավոր կամ ներկայացուցիչ ընտրեն: Եվ առաջին անգամ մեր պատմության մեջ կունենաք կառույց, որտեղ ժողովուրդն է ընտրելու իր ղեկավարներին:

Այդ կառույցն էլ լիազորված կլինի հանդես գալ Սփյուռքի անունից՝ համագործակցելով  ՀՀ և ԼՂՀ իշխանությունների հետ։ Սասունյանի խոսքով՝ կառույցը որևէ կապ չի ունենալու ՀՀ կառավարության հետ, չի լինելու որևէ մեկի հսկողության ներքո: Կարևորելով կառույցի ստեղծումը՝ մի տհաճ դրվագ հիշեց. «Հիլարի Քլինթոնը հանդիպում էր նշանակել ամերիկահայերի հետ։ Սկսեցին վիճել, թե ավելի քան 1 մլն ամերիկահայությունից ով պիտի գնա Վաշինգտոն։ Վեճն այնքան սրվեց, որ հանդիպումը չկայացավ»։

Իսկ քանի դեռ այս կառույցը չի ստեղծվել, ապա այդպիսի հարցերով կարող է զբաղվել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, իհարկե, կառուցվածքային որոշակի փոփոխություների ենթարկվելով։

Սասունյանը անդրադարձավ  նաև  ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ դեսպան նշանակվելու փաստին  և նրա անվան շուրջ պտտվող խոսակցություններին:  Վերջիս դեմ չէ, որ մեղավոր մարդիկ պատժվեն օրենքով, բայց, քանի դեռ չունի փաստեր՝ իր առջեւ դրված, չի կարող կարծիք հայտնել։ «ՀՀ նախագահը իրեն ուղարկել է ԱՄՆ, Ամերիկյան կառավարությունն էլ ընդունել է։ Պետք է կոնկրետ ապացույցներ լինեն Տիգրան Սարգսյանի դեմ, իսկ առայժմ մնում է ընդամենը հետեւել, թե նա ինչպես է աշխատում ԱՄՆ-ում»,- ասաց։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button