Հասարակություն

Իրավապաշտպանները՝ երկու սպանության հետքերով

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպաններն  այսօր անդրադարձել են  քրեական երկու գործի՝ ներկայացնելով դրանց մանրամասներն ու ահազանգելով  նախաքննական ու դատավարական փուլերում տեղ գտած խախտումների մասին: Երկու դեպքերն էլ վիճաբանություններ են, որոնց արդյուքում սպանություններ են տեղի ունեցել: Երկու դեպքում էլ սպանություն կատարելու մեջ մեղադրվող անձինք չեն ընդունում իրենց մեղսագրվող արարքը։ Ասոցիացիայի իրավաշատպանները նշել են, որ իրենց նպատակը այս գործերի վրա ուշադրություն հրավիրելն է:

Քրեական երկու  գործերը, որոնցում ներգրավված են  Հելսինկյան ասոցիացիայի փաստաբաններն ու իրավապաշտպանները, բազմաթիվ  նմանություններ ունեն: Երկուսն էլ սպանությունների գործեր են, երկուսն էլ տասնյակից ավելի երիտասարդների վիճաբանության արդյունքում գրանցված սպանություններ,  և ամենակարևորը ՝ երկուսում էլ սպանություն կատարելու մեջ մեղադրվողները չեն ընդունում իրենց մեղսագրված արարքը և պնդում են, որ  անմեղ են։

Կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանի ընդհանրացմամբ՝ նմանությունները ոչ միայն գործերի բնույթի, այլ նաև նախաքննության ընթացքների մեջ են։ «Երկու դեպքում էլ տեղի են ուեցել վիճաբանություններ, կռիվներ, որոնց արդյունքում մարդ է սպանվել, բայց սպանության մեջ մեղադրվում են անմեղ մարդիկ»։

2013թ. հոկտեմբերի 12-ին  Վանաձորում տեղի է ունեցել վիճաբանություն Երևանից Վանաձոր մրցումների մեկնած տղաների և տեղի թիմի տղաների միջև: Վիճաբանության արդյուքնում սպանվել է 15-ամյա Դավիթ Հովակիմյանը: Դեպքի օրը աշխատանքի վայրից ձերբակալվել է Կարեն Կունգորցևը, ով, ինչպես ֆիքսել են դեպքի վայրի 4 տեսախցիկներից 2-ը, այդ պահին քայլելիս է եղել այգու  այն հատվածով, որտեղ տեղի է ունեցել դեպքը։

Ոստիկանությունում Կունգորցևը, ըստ նրա շահերը պաշտպանող  Արայիկ Պապիկյանի, բռնությունների է ենթարկվել:   Ինքնախոստովանական ցուցմունք  մինչ օրս չի տվել։ Փաստաբանի գնահատմամբ՝ ասել, թե նախաքննությունը թերի է ընթացել, նշանակում է ոչինչ չասել: Նրա գնահատմամբ՝ նախաքննական  մարմինը ուշադրություն չի դարձրել կարևոր հանգամանքերին, փոխարենը կենտրոնացել է անկարևորների վրա, արդյուքնում՝ չի հասել ճշմարտության բացահայտմանը։

«Նախաքննության կոպիտ խախտումներից նշեմ այն, որ անչափահասների հետ կատաված գործողությունների մեծ մասը կամ մի մասը կատարվել է առանց օրինական ներկայացուցչի՝ ծնողի կամ մանկավարժի ներկայության: Այսինքն, անչափահասներից ցուցմուքներ են վերցրել օրենքի կոպիտ խախտումներով»։

Նախաքննությունն այս գործով արդեն ավարտվել է և առաջիկա օրերին գործը կմտնի դատարան: Շուրջ 10 ամիս Կունգորցևին կալանքի տակ պահելուց հետո այժմ դիտավորյալ սպանության հոդվածը փոխարինվել է սպանության փորձ կատարելու հոդվածով։

Մյուսը Հայկ Աղամալյանի գործն է: Այն արդեն դատական քննության փուլում է և քննվում է  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Ի տարբերություն նախորդ գործի՝ Հայկ Աղամալյանը վիճաբանությանը մասնակցել է: Իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել  2013թ ապրիլի 9-ին  Երևան քաղաքի Տերյան փողոցի 72-րդ շենքի հարևանությամբ, 40-50  երիտասարդների մասնակցությամբ։ Նրանցից մեկը՝ Տիգրան Հայրապետյանը,  կրծքավանդակի հատվածում ստացած դանակի հարվածից մահացել է։

Մեղադրանքի հիմքում, ըստ իրավապաշտպանների,  ընկած է Աղամալյանի ինքնախոստովանական ցուցմունքը և գործով շահագրգիռ ևս 2 վկայի  ցուցմունքներ, մինչդեռ դեպքին  մասնակիցների թիվը 20 անգամ ավելի է։ Նախորդ գործից մյուս տարբերությունն  էլ այն է, որ  Հայկ Աղամալյանը չի հերքում, որ ինքը դանակով հարվածել է, բայց վստահ է, որ այն անձը, ում  ինքը հարվածել է, սպանվածը  չի եղել։ «Ամենավատը, որ Հայկին հիմա ազատազրկելու են 10 տարով: Լավը այն է, որ բախտը բերել է՝ անչափահաս է , թե չէ ցմահ կդատապարտեին»։

Հայկ Աղամալյանը մեղադրվում է խուլիգանական դրդապատճառներով դիտավորությամբ սպանություն կատարելու մեջ: Դատախազը 10 տարվա ազատազրկում է պահանջել, հերթը դատարանի վճռինն է։

Ցուցադրել ավելի
Back to top button