ԿարևորՎերլուծական

«Իսլամական պետության» և Թուրքիայի միջև կա ակտիվ համագործակցություն

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Դեր Զորի եկեղեցում տեղի ունեցած վանդալիզմում ամենալուրջը թուրքական հետքն է եւ այդ առումով կան բազմաթիվ ապացույցներ: Թեմային անդրադառնալով՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանն այսօր նկատել է, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ստանում է արդեն իսկ մտահոգիչ դրսեւորումներ։ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը խնդրի առնչությամբ ընդամենը հիշեցրել է՝ «այնտեղով թուրքերն են անցել» հայտնի տողերը՝  հավելելով՝ այնտեղով անցել են ոչ միայն թուրքերը։

Մի կողմից Թուրքիան փորձում է շողոքորթող եւ այլ հնարքներով միջազգային հանրությանը ցույց տալ, թե ունի պատրաստակամություն Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու եւ քննարկելու պատմական կնճիռները, մյուս կողմից, սակայն, նկատելի է, որ Թուրքիան միջնորդավորված կամ անուղղակի ռազմավարություններ է կիրառում հայկական հարցի նկատմամբ, առկա իրողություններն է գնահատում վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը։

Նա նկատեց՝ երբ Հայաստանը պատրաստվում է ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացմանը եւ միաժամանակ զգացվում է խնդիրներին իրավական երանգ հաղորդելու մտադրություն, Թուրքիան ավելի ու ավելի շատ է անցնում կոպիտ գործողությունների: Վերլուծաբանի խոսքով՝ հասկանալիորեն շատ միջոցառումներ կարող էին տեղի ունենալ հենց Դեր Զորի եկեղեցում, որը պատմական Կիլիկիային հարող շրջան է։ «Մենք հիմք ունենք վստահաբար ասելու, որ թուրքական հետքը չափազանց լուրջ քննության առարկա է: Հետաքրքիր է, որ, ի տարբերություն Քեսաբի դեպքերի, այս անգամ Թուրքիան, կարծես թե, չի շտապում իր մեղսակցությունը հերքելու հարցում»։

Հայ փորձագիտական շրջանակներում այլեւս կասկածից դուրս է այն համոզվածությունը, որ «Իսլամական պետության» և Թուրքիայի միջև կա ակտիվ համագործակցություն, որի արդյունքն էր նաև Դեր Զորում կատարավածը: «Այս գործողության մեջ Թուրքիայի ակտիվ դերակատարման մասին են վկայում բազմաթիվ փաստեր, ինչպես բազմաթիվ փաստեր այսօր վկայում են «Իսլամական պետության» հետ Թուրքիայի  ակտիվ համագործակցության մասին»,- նկատում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ Քեսաբի իրադարձությունների պարագայում Թուրքիայի մեղսակցությունը միանշանակ առկա էր: Ինչ վերաբերում է Դեր Զորի Սուրբ Նահատակաց եկեղեցու պայթեցմանը, ապա «Կովկասի ինստիտուտի տնօրենը նախ հիշեցրեց Հյուգոյի հայտնի տողերը՝«ամեն ուր արյուն ու ավեր է, այնտեղով թուրքերն են անցել»,  ապա շեշտադրեց՝ այնտեղ եղել են  թուրքերը, բայց այնտեղ եղել են ոչ միայն թուրքերը եւ դա եղել է ոչ միայն Թուրքիայի հետ կապված պատճառներով։

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը նույնպես  հիմնավոր համարելով թուրքական հետքը Դեր Զորի եկեղեցու պայթեցման գործում, չբացառեց այլ ազդեցությունների առկայությունը: Նա նկատեց, որ Թուրքիայի մասնակցության քննարկման ենթատեքստում տեղի ունեցածը Թուրքիայի օգտին չէ, քանի որ այդ քննարկումների համատեքստում այլոք փորձելու են դիրքորոշումներ կորզել Թուրքիայից։ «Թուրքիայից պահանջվում է ավելի հստակ կողմնորոշվել՝ կամ ինքը միանում է ԱՄՆ-ի կոալիցիային՝ ընդդեմ ԻՊ-ի, կամ ինքն ուղղակի իրեն նույնացնում է ԻՊ-ի հետ, որն արդեն իսկ պայթյուններ, ահաբեկչություններ է իրականացնում հայկական եկեղեցիների նկատմամբ»։

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ նա, ով ծրագրավորել կամ ցանկանում է օգուտներ քաղել կատարվածից՝ չափազանց լավ հաշվարկել է, թե ինչ ուժգնություն ունի հայկական հարցը եւ ինչպես կարող է ստեղծել համապատասխան մթնոլորտ՝ Թուրքիայից ավելի հստակ դիրքորոշում կորզելու համար։ Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ վարկածներ էլի կարելի է չբացառել։

Նա միաժամանակ կարծում է, որ Թուրքիան հայկական հարցի լուծմամբ շահագրգռված է, սակայն Հայաստանի հետ հարաբերությունները նրա համար էական չեն: Այս առումով՝ վերլուծաբանը նկատեց, որ Թուրքիան ձեռքերը ծալած չի նստել եւ փորձում է պառակտում մտցնել Հայաստանի ու Սփյուռքի միջեւ: Այս նպատակադրմամբ էլ Թուրքիան նախաձեռնել է «Արդար հիշողություն» ձեւակերպումը՝ փորձելով Սփյուռքից հնարավորինս շատ ներկայացուցիչներ ներգրավել դիսկուրսի մեջ, ինչը պառակտում կառաջացնի նաեւ հենց Սփյուռքի ներսում։

 

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button