Դարակերտում բացվել է Ջերմոցային տնտեսությունների սպասարկման առաջին կենտրոնը


Արարատի մարզի Դարակերտ համայնքում այսօր բացվել է Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն։ Կենտրոնը ստեղծվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն »հիմնադրամի միջոցով և ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ։
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը նշել է, որ կենտրոնն անվճար տրամադրելու է մասնագիտական խորհրդատվություն, իսկ գյուղգործիքները վաճառվելու են կամ տրվելու են լիզինգային պայմաններով, հայտնում են գյուղնախարարության մամուլի ծառայությունից։
Կենտրոնի ստեղծմամբ ֆերմերներին հասանելի կդառնան ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը: Այստեղ կկազմակերպվեն սեմինարներ ու դասընթացներ հայ և օտարերկրյա մասնագետների կողմից, ինչպես նաև գործնական դասընթացներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար:
Կենտրոնին կից գործում են երեք՝ 125, 250 և 400 քառակուսի մետր մակերեսներով ժամանակակից ջերմոցներ, որտեղ աճեցվում են հիմնականում բանջարանոցային մշակաբույսեր: Դրանք կծառայեն որպես ցուցադրական ջերմոցներ` գյուղացիական տնտեսություններում նմանատիպ ջերմոցներ կառուցելու համար:
Կենտրոնում տեղակայված ժամանակակից լաբորատորիայի միջոցով կիրականացվեն հողի, ջրի և բույսերի հետազոտություններ: Եղանակի կանխատեսման նորագույն սարքի միջոցով ֆերմերները կկարողանան կանխատեսել եղանակային փոփոխություններն` ըստ այդմ ապահովելով հողի մշակման արդյունավետությունը: