Գագիկ Մակարյան.«Կառավարման համակարգում պրոֆեսիոնալիզմի խիստ պակաս կա»


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Հայաստանի տնտեսական զարգացումների կանխատեսումներն այնքան էլ մխիթարական չեն: Տնտեսագետ Բագրատ Ասատրյանն ու Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր կարծիքներ են փոխանակել ՝ հիմք ընդունելով Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած ցուցանիշերը: Նրանց կարծիքով, Հայաստանի տնտեսության զարգացման հետագա հեռանկարները չեն կարող կապվել նաև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հետ նույնպես: Բագրատ Ասատրյանի կանխատեսումներով, տարեվերջին լավագույն դեպքում 2,5 տոկոս տնտեսական աճ կարձանագրվի: Բանախոսները գնահատականներ են տվել կառավարության գործունեությանը: Այս գնահատականներում են թերևս Գագիկ Մակարյանն ու Բագրատ Ասատրյանը փոքր-ինչ տարբեր մոտեցումներ ունեցել: Բագրատ Ասատրյանը որևէ դրական քայլ չի նկատել, Գագիկ Մակարյանը՝ մի փոքր նկատել է: Անդրադարձ է կատարվել նաև երեկ կառավարության շենքի առջև տեղի ունեցած բողոքի ակցիային:
Երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց, նրա առաջին հայտարարությունը՝ փոքր ու միջին բիզնեսին աջակցելն էր: Շատ չանցավ հայտարարությունից, կառավարությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ ու խորհրդարանին առաջարկեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարել ու ՓՄՁ-ի համար իջեցնել հարկային շեմը՝ 3.5 տոկոսից դրույքաչափը նվազել ու հասել է 1 տոկոսի: Իջեցումը, սակայն, պարտադիր պայման ուներ: Տնտեսվարողները պետք է լիովին փաստաթղթավորեն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը: Տնտեսվարողը պետք է իր վաճառած ապրանքի ձեռքբերման գործընթացին վերաբերող բոլոր փաստաթղթերն ունենա՝ որքանով է գնել, ինչ քանակի, ումից, երբ:
Սա արդեն փոքր ձեռնարկատերերի համար լուրջ խնդիր է: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով, ստեղծվելու է մի իրավիճակ, երբ տնտեսվարողը կամ պետք է գործունեության ոլորտը փոխի, ապրանքների տեսականին՝ նույնպես, կամ հրաժարվի տվյալ խոշոր ընկերության հետ աշխատելուց: Փոքր ու միջին ձեռնարկատերերը ընտրության հնարավորություն չունեն, ուստի և պետք է հրաժարվեն , ինչը շղթայական խնդիրներ է առաջացնելու:
« Այսինքն այն կոչերը, որ կառավարությունը հնչեցնում է, որ դա ուղղված է խոշորի դեմ, ոչ թե ՓՄՁ-ների, եթե մենք այլ լուծումներ զուգահեռ չենք առաջարկում, այնուամենայնիվ ստացվելու է, որ այդ կուժ ու կուլան կոտրվելու է նորից ՓՄՁ-ի գլխին: Մենք սկսել ենք մի պրոցես, որ փորձում ենք ՓՄՁ-ների ձեռքով, խոշոր ձեռնարկություններին ենթարկել փաստաթղթավորման, փորձել նրանցից ստանալ փաստաթղթեր, որոնք պետք է հիմնավորեն նրանց շրջանառությունները, բայց դա փորձում ենք անել ՓՄՁ-ի ձեռքով»:
Մակարյանն այդուհանդերձ Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեության մեջ դրական քայլեր նկատում է, կարևորում է Ընտանեկան բիզնեսի գաղափարը: Հին ու նոր կառավարությունների գործունեությունում որևէ էական փոփոխություն չի տեսնում տնտեսագետ Բագրատ Ասատրյանը.«Ըստ իս ոչ մի բան չի փոխվել, միայն անուններ են, ոչ մի նոր խնդիր, ոչ մի նոր որակ, ոչ մի նոր մոտեցում չկա: Ես ուզում եմ հիշեցնել, որ ստվերի մասին խոսել են Հայաստանի բոլոր կառավարությունները, կոռուպցիայի մասին խոսել են բոլոր կառավարությունները, հենց որ գալիս են, ծրագիրն ընդունում են, առաջնային խնդիրը ստվեր, կոռուպցիայի, նույն ավանդույթը շարունակվում է»:
Բագրատ Ասատրյանը չի կիսում նաև այն կարծիքը, որ Հայաստանի տնտեսության թիվ մեկ խնդիրը ստվերի դեմ պայքարելն է. «Մինչև այս համակարգը չքանդվի, մինչև իշխանությունները չասեն, որ այս երկրում կա Սահմանադրություն, որը հստակ բաժանումը տալիս է, բիզնեսի և քաղաքականության, բիզնեսի և իշխանության: Եթե սրան չգնաց, մենք ուրեմն տնտեսություն չենք ունենալու, կան ունենալու ենք այն, ինչ որ կա»:
Քաղաքական կամքը կարևորում է նաև գործատուների հանրապետության միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա նաև նկատում է, որ հասարակությունում ընդդիմությունն է նվազել, իսկ հակառակ կարծիքները կօգնեն շտկել շատ հարցեր:
«Կառավարման համակարգում պրոֆեսիոնալիզմի խիստ պակաս կա, միշտ մեզ թվացել է, որ դա նրանով է պայմանավորված, որ ունեն իրնեց շահերը, բայց երբ որ մոտիկից շփվում ես ու սկսում ես խորանալ պրոբլեմների մեջ, տեսնում ես, որ այդ խնդիրը կա»:
Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը շարունակում է պնդել՝ Հայաստանը չպետք է միանա Մաքսային միությանը, նա այս միացումով որևէ դրական փոփոխություն չի տեսնում, նա նաև հույս ունի, որ հոկտեմբերի տասին որևէ փաստաթուղթ չի ստորագրվի: Ի դեպ, տնտեսագետի կանխատեսմամբ, տնտեսական այս տարին կփակենք լավագույն դեպքում 2,5 տոկոս տնտեսական աճով: