Տնտեսական

Ձեռնարկատերերը պահանջում են հետ կանչել « Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը: Սրանով փոքր ձեռնարկատերերի համար իջեցվում է շրջանառության հարկի շեմը, սակայն միաժամանակ նոր պարտավորություններ են դրվում փոքր ու միջին ձեռնարկատերերի վրա, որոնք, հենց ձեռնարկատերերի ձեւակերպմամբ, «կոտրում են իրենց մեջքը»:  Ձեռնարկատիրական գործունեությունն ամբողջությամբ փաստաթղթավորելու պահանջները հայ իրականության մեջ իրականանալի չեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով. այսօր Ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախաձեռնած հանդիպման ժամանակ դժգոհել են մոտ մեկ տասնյակ ձեռնարկատերեր: Նրանք իրենց խնդրանքն ու հորդորն են փոխանցել վարչապետին՝ հետ կանչել օրենքն ու խմբագրումների ենթարկել:

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքով փոքր ու միջին ձեռնարկատերերի համար այս հարկատեսակի դրույքաչափը 3.5 տոկոսից նվազեցնում է 1 տոկոսի: Սա ոգեւորել է հայ ձեռներեցներին մինչեւ այն պահը, երբ նրանք դեմ են առել օրենքի մեկ այլ դրույթի: Օրենքի պարտադիր պահանջն է՝ լիովին փաստաթղթավորել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը: Տնտեսվարողը պետք է իր վաճառած ապրանքի ձեռքբերման գործընթացին վերաբերող բոլոր փաստաթղթերն ունենա՝ որքանով է գնել, ինչ քանակի, ումից, երբ: «Մենք օրենքին դեմ չենք»,-շեշտում է Ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը, բայց կան բազմաթիվ չգրված օրենքներ ու ներքին կանոնակարգեր, որոնք անհնարին են դարձնում դա:

«Անհրաժեշտ փաստաթղթեր ունենալ չեն կարող, որովհետեւ ոչ ոք համապատասխան փաստաթղթեր նրանց չի տալիս»:

Խնդրի շղթայական համակարգը որքան պարզ, նույնքան էլ դժվար հաղթահարելի է:  Խոշոր ու մանր ձեռնարկատերերի միջեւ առքուվաճառքը շարունակում է մութ մնալ: Խոշորը մեծածախով էժան ապրանք է տալիս մանր ու միջին բիզնեսին, բայց գործարքը փաստաթղթավորելիս թերանում է: Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները կամ պետք է հրաժարվեն էժան ապրանքից, կամ առճակատման գնան խոշորի հետ՝ էժան ապրանքից հրաժարվելու ռիսկով: Պետությունը փոքր ու միջին բիզնեսին այլ մեխանիզմ է առաջարկում՝  հարկային համապատասխան մարմիններին անուն առ անուն ներկայացնել այն խոշոր ձեռնարկատերերի անունները, ովքեր հրաժարվում են լիովին փաստաթղթավորել գործարքը ու այսպիսով ազատել տեղեկություն յաղորդողին տուգանքից: Հայ ձեռներեցներն էլ պնդում են՝ նախ խոշոր բիզնեսի ստվերի դեմ պայքարելն իրենց իրավասությունը չէ, դրա համար պետական հատուկ ծառայություններ կան, հետո էլ դա հայ ձեռնարկատիրոջ մտածելակերպի մեջ չի տեղավորվում: Ստեփան Ասլանյանը վրդովվում է՝

«Հիմա իրենք չեն կարողանում վերահսկել, ժողովրդին են դրել վերահսկիչի տեղ, որ գնան իրենց տեղեկացնեն՝ թե սա փաստաթուղթ չի տալիս: Թող էդ պաշտոններում այլ մարդկանց նշանակեն, որ նորմալ աշխատեն»:

Շուրջ մեկ տասնյակ փոքր ու միջին ձեռնարկատերեր իրենց նման հարյուրավորների անունից մեկտեղել են իրենց դժգոհություններն ու դրանք ուղղում են հանրապետության վարչապետին՝ խնդրելով ու հորդորելով առժամանակ ետ կանչել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքն ու այն որոշ խմբագրումների ենթարկել: Հարկերից մարդիկ չեն խուսափում. բորբոքվում են թեմայի շուրջ մտահոգվողները, ինչու է պետությունը ձեռնարկատերերին միանգամից որպես գողի ու հարկերից խուսափողի դիտարկում: Ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը վրդովված հայտարարում է՝

«Տվեք հսկիչ դրամարկղային մեքենաներ, մարդիկ մինչեւ վերջ կխփեն, դրեք տուգանք՝ ՀԴՄ կտրոն չխփելու դեպքում մեկին երկու անգամ ավելի, եւ մարդիկ պարտավորվում են վճարել, բայց այլ պարտավորություններ՝ փաստաթաղաթավորում, հաշվապահ պահել, մի պարտադրեք, էս մարդիկ ձեզ համար հաշվապահներ չեն, այս պայմաններում չեն կարող գործել որպես տնտեսվարող»:

Հայ ձեռներեցները սպասում են իրենց բարձրացրած խնդիրների շուրջ հանրապետության վարչապետի արձագանքին: Պատշաճ միջամտության բացակայությունը կամ ուշացումը նրանք դիտարկում են որպես նոր հարված փոքր ու միջին տնտեսվարողների թիկունքին:

«Մենք կարծում ենք, որ այլ քայլը կոնկրետ փոքր բիզնեսով զբաղվողներին ուղղակի կրճատելու է Հայաստանում ու սուրը տա կտրիչներին»:

Առանց այն էլ փոքր ու միջին բիզնեսը ներկայացնող ձեռնարկություններն օրեցօր դուրս են մղվում շուկայից՝ չդիմանալով խոշորի հետ մրցակցությանը. շեշտում է ձեռնարկատեր Կարինե Գեւորգյանը: Խոշոր սուպերմերկետներն ու խանութները այնքան են գրավել շուկան, որ տոնավաճառներն ու առեւտրի տաղավարները գնալով շարք առ շարք դատարկվում են. Ասում է:

 

Back to top button