Հինգերորդ դասարանցիներն այս տարի ութ ծիսական պար և երգ կսովորեն


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով նոր ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցների 5-րդ դասարանցիների դասացուցակներում ավելացել է նաև ազգային երգ ու պար առարկան: Ծրագիրը փորձարկվում է մայրաքաղաքից 8, իսկ մարզերից 3 դպրոցներում: 2 դպրոց էլ ցանկություն են հայտնել մասնակցել ծրագրին և այսօր արդեն ուսուցիչները վերապատրաստվում են:
Մեծ մարզադահլիճ, երաժշտության որակն ապահովող կենտրոն, տնօրենի բարյացկամ վերաբերմունք և վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պատրաստակամ ուսուցիչներ: Սրանք այն չափորոշիչներն են, որոնց հիման վրա էլ ընտրվել են 13 դպրոցները՝ ազգային երգն ու պարը փորձնական դասավանդելու համար: «Կարին» ազգագրական երգի ու պարի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով՝ վերապատրաստման դասընթացներին իրենց պահանջով մասնակցում է յուրաքանչյուր դպրոցից առնվազն երեք ուսուցիչ:
Այս առարկան երեխայի գիտակցությունը պետք է չսահմանափակի միայն ազգայինով: Պետք է լսել և՛ ազգայինը, և՛ համաշխարհայինը, ասում է Գագիկ Գինոսյանը և հավելում. այն պետք է դեպի համամարդկային արժեքներ գնալու կամուրջ դառնա: Պատահական չէ, որ ծրագիրը կոչվում է ազգային երգ ու պար և սրա նպատակը հայ երեխային հայեցի դաստիարակելն է: Գագիկ Գինոսյանը կարևորում է ծրագիրը՝ նշելով, որ սա Հայաստանը մշակութային ոճերից պարերգային ժանրին վերադարձնելու քայլ է: Սխալ է համարում, որ Խորհրդային միության ժամանակաշրջանում տարանջատվել է ազգային երգն ու պարը: Դա էլ պարերը շեղել է ազգային ուղղուց՝ մտցնելով կովկասյան և բալետային շարժումներ: Ստալինի շնորհիվ վրացական պարը դարձավ ճանաչելի, ասում է «Կարին» ազգագրական երգի ու պարի գեղարվեստական ղեկավարը և ընդգծում. մենք էլ սկսեցինք այդ շարժումները կիրառել մեր ազգային պարերում: Արդյունքում պարը դասականացվեց: Այն ինչ, մենք ունենք դասական ազգային պար, որը լեռնեցու ոգեղենություն կրող մշակույթ է:
«Շատ լուրջ պարի մասնագետներ ասում են, որպես ներաշխարհ, որպես ոգեղենություն, որպես փիլիսոփայություն հայկական պարն անմրցելի է վրացական կովկասյան ցանկացած պարարվեստից: Եվ սա միայն հայ մարդկանց կարծիքը չէ»:
Նույն կերպ էլ տարանջատվեց երգը և դասական ոկալը գրավեց հայկական երգեցողության տեղը: «Անուշ» օպերայից դրվագները երգում ենք դասական մոտիվներով, նշում է Գագիկ Գինոսայնը և սխալ համարում երգն ու պարն իրարից տարանջատելու մոտեցումը:
«Պահ եղավ, որ ես ասեցի, որ եթե միայն պարը դասավանդվի, ես հրաժարվում եմ այդ ծրագրից: Ինքս լինելով պարի մասնագետ՝ ես դեմ եմ, որ միայն պարով այս առարկան մտնի դպրոց»:
Առաջին տարին 5-րդ դասարանցիներին ուսուցանվելու է 8 ծիսական պար և երգ, որից 5-ը լինելու է պարերգային ժանրում:
«Մենք ենթադրենք սովորելու ենք «Թամզարա» պարը, սովորելու ենք «Թամզարա» երգը, հետո մենք մեր երգով զուգադրելու ենք մեր պարը»:
Առաջին կիսամյակում առարկան շաբաթական դասավանդվելու է 1 ժամ, իսկ երկրորդից՝ 2 դասաժամով: Մասնագետները կարծում են, որ այս ծրագրի համար հատկացված դասաժամերը քիչ են, սակայն բավարարվում են եղածով: