Տնտեսական

Հայաստանի տնտեսությունը՝ միջանկյալ փուլում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի տնտեսությունը ներկայումս գտնվում է միջանկյալ մի փուլում ու թեպետ վերջնական գնահատականներ առայժմ չենք կարող տալ, սակայն, պետք է ասել, որ տնտեսության իրական հատվածի ճյուղերը, մասնավորապես՝ արդյունաբերությունը բավականին ցածր տեմպերով է առաջ գնում: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ գնահատել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, ինչպես նաեւ ներդրումների ծավալի նվազումը գոհացուցիչ չեն: Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարակուսել է, որ ընդդիմախոսները խոսում են տնտեսական համակարգային բարեփոխումների մասին, սակայն, դեմ են սահմանադրական փոփոխություններին՝ առանց հիմնավոր պատճառաբանությունների: Նման մոտեցումները, հանրապետական պատգամավորի որակմամբ, լուրջ չեն եւ ոչ տրամաբանական:

Թեպետ կառավարությունը որոշակի նախաձեռնություն է ցուցաբերում՝ դրական միտումների ակնկալիքով, սակայն, առայժմ արդյունքներն ամենեւին զգալի չեն՝ գնահատեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Գուցե ժամանակ է հարկավոր, բայց, ԲՀԿ-ական պատգամավորի ձեւակերպմամբ, խնդիրը քաղաքական կամքի ցուցաբերման մեջ է.

«Պետք է ապահովել, առաջին հերթին, ներդրումների անվտանգությունը եւ պետք է ապահովել միջավայր, որտեղ ներդրումները կունենան նվազագույն եկամտաբերություն: Մեզ չի հաջողվում հաղթահարել հետճգնաժամային բացասական սպասումների ֆոնը: Սա հիմնական սպառնալիքն է մեր բիզնեսի եւ ձեռնարկատիրության առջեւ: Նրդրում է անհրաժեշտ, իսկ դրա համար երաշխիքներ են անհրաժեշտ: Մարդիկ, պարզ ասեմ, միգուցե վախենում են ներդրում կատարել Հայաստանում: Դրա համար պետք են բարձրագույն երաշխիքներ»:

Անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին՝ Միքայել Մելքումյանը նկատեց, որ հնարավոր է աշխարհում նոր տնտեսական իրավիճակ առաջանա, որի պայմաններում Հայաստանը կտուժի: Կարող է միայն գյուղատնտեսության ոլորտում Հայաստանը շահել, այն էլ, ըստ բհկական պատգամավորի, այն դեպքում, եթե բանկերը նպաստավոր պայմաններով վարկեր տրամադրեն ոլորտի արտադրողներին:

ԲՀԿ-ական պատգամավորի գնահատմամբ՝ նախկին կառավարությունն այս հարցերի նկատմամբ ուներ ոչ ադեկվատ վերաբերմունք, հիմա քայլեր կատարվում են, որոնք, սակայն, չեն գոհացնում. մենաշնորհներից ազատվելու, շուկան ազատականացնելու եւ զարգանալու ռեցեպտը գտնված չէ՝ ձեւակերպեց բանախոսը:

«Համարձակություն չկա, ըստ էության, կառավարության կողմից, որ իրենք հաղթահարեն այդ շեմը եւ շատ արագ»:

Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով, մինչդեռ,  եթե տնտեսական համակարգային բարեփոխումների մասին է խոսվում, ապա դրանք անհնար է պատկերացնել առանց սահմանադրական փոփոխությունների: Այս առումով Լեռնիկ Ալեքսանյանը տարակուսած է, որ ընդդիմախոսները չեն հիմնավորում, թե ինչու են դեմ սահմանադրական բարեփոխումներին:

Միքայել Մելքումյանի համոզմամբ, սակայն, Սահմանադրությունը չէ պատճառը, որ տնտեսությունը չի բարեփոխվում:

«Դուք կարծում եք, որ այսօրվա Սահմանադրությունը արգելակում է, որ տնտեսական բարեփոխումներ լինեն: Իհարկե՝ միանշանակ ոչ: Օրենքները հարգելով են իրականացվում բարեփոխումները ու նոր սահմանադրության ընդունումը որեւէ կերպ կապված չէ տնտեսական բարեփոխումների եւ հանրային, եւ պետական պահանջի հետ»:

Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, Միքայել Մելքումյանի գնահատմամբ, հիմնադիրների համար ավելի շատ ունի ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նշանակություն: Այդուհանդերձ, պատգամավորի խոսքով, համագործակցությունը Հայաստանի համար կարող է ունենալ ինչպես որոշակի դրական, այնպես էլ բացասական ազդեցություն: Բանախոսը շեշտեց, որ ավելի շատ մենք անվտանգության նկատառումներն ենք ընդունում որպես վեկտոր:

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով՝ եթե մի կողմ թողնենք ռազմական, անվտանգության խնդիրները, միեւնույնն է, Հայաստանի տնտեսությունն այսօր պատրաստ է ավելի շատ Ռուսաստանի հետ հարաբերվելու եւ դրանով պայմանավորված՝ նաեւ Եվրասիական միության: Կան տարածաշրջանային շահեր, որոնք համընկնում են եւ, ուզենք թե չուզենք, դրանք հաշվի պետք է առնենք եւ մենք, եւ Ռուսաստանը՝ եզրափակեց հանրապետական պատգամավորը:

Ցուցադրել ավելի
Back to top button