«Իսլամական պետության» գրոհայիններին հաջողվում է սև շուկայում օրական մի քանի միլիոն դոլարի նավթ իրացնել.The Financial Times


«Իսլամական պետության» գրոհայիններին հաջողվում է սև շուկայում օրական 80 հազար բարել նավթ իրացնել, որի արժեքը մի քանի միլիոն դոլար է կազմում, կարծում են փորձագետները: Պատերազմը շարունակելու համար անհրաժեշտ հիմնական միջոցները ահաբեկչական կազմակերպության գրոհայինները ստանում են նավթի անօրինական վաճառքից, որը, որոշ գնահատականների համաձայն, նրանց օրական մեկից մինչև հինգ միլիոն դոլար է բերում, գրում է The Financial Times-ը:
Դրանից բացի, «Իսլամական պետության» գրոհայինները գումարի դիմաց մարդկանց առևանգելով են զբաղվում: Վերջերս նրանք նաև հարկ են դրել մանրածախ խանութների վրա, որոնք պետք է ամսական երկու դոլար փոխանցեն «Իսլամական պետությանը»: Սակայն եկամուտի այս բոլոր աղբյուրները չեն կարող համեմատվել նավթի անօրինական վաճառքի հետ:
«Իսլամական պետությանը» հաղթելու համար ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է առաջին հերթին փակեն ֆինանսավորման այդ աղբյուրը, գրում է պարբերականը: Այսօրվա դրությամբ, պարբերականի տվյալներով, ջիհադիստները վերահսկում են Սիրիայի և Իրաքի տասը նավթահանքեր: Նավթը փոքր քանակներով Իրաքից Թուրքիա է ուղարկվում, որտեղ էլ վաճառվում է: Թերթի տվյալներով՝ հարյուրավոր մարդիկ այս գործի վրա կարողություն են դիզել: