Ըստ Խոսրով Հարությունյանի՝ ՍԴ բարեփոխումների առանցքում պետական իշխանության որակի ու պատասխանատվության հայեցակարգն է


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի գնահատմամբ ՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առանցքը ոչ թե կառավարման համակարգի փոփոխության, այլ իշխանության որակի ու պատասխանատվության հարցն է: Այս առումով փաստաթուղն , ըստ հանրապետական պատգամավորի, արմատական լուծումներ է առաջադրում: Իսկ հարցը, թե անհրաժեշտ են արդյոք այդ փոփոխությունները, Խոսրով Հարությունյանի կարծիքով երկրորդ պատասխան չունի: Նա , ի դեպ, անդրադարձել է ոչ միայն փոփոխությունները պաշտպանող, այլ նաև մերժող թեզերին:
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն առնվազն անտրամաբանական է համարում սահմանադրական բարեփոխումների նկատմամբ ոչ իշխանական ուժերի մերժողական վերաբերմունքը: Խորհրդարանում ներկայացված կուսակցություններից առնվազն 4-ը նախընտրական ծրագրերում խոսել են սահամանդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, այսօր սակայն դեմ են արտահայտվում դրանց: Խոսքը ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» մասին է:
«Սփյուռքահայերն ասում են՝ կողմ ըլլալով, դեմ ենք: Նույն իրավիճակն է: Իրենք էլ ասում են՝ մենք կողմ ենք, բայց եթե մենք նախաձեռնեինք, ոչ թե իշխանությունը»:
Փոխարենը սահմանադրական փոփոխությունների իրականացում , ավելին՝ կառավարման համակարգի վերնայում 2012-ին չի նախատեսել ՀՀԿ-ն: Կուսակցության նախընտրական ծրագրում չկա որևէ ամրագրում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Խոսրով Հարությունյանը սա չի ժխտում, բայց այլ իրողություն է ընդգծում: 2013թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո հանրապետության նախագահը, առաջնորդվելով «ընդդիմության հետ համագործակցելը ողջամիտ է և ավելի նպատակահարմար » թեզով, Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկեց ղեկավարել սահմանադրական բարեփոխումների գործընթացը:
«Հետևաբար ինձ համար այն հարցադրումը, թե ինչու այն ժամանակ չէիք նախատեսում, էական չէ: Ես հարցը դնում եմ այլ կերպ՝ կա այդ փոփոխությունների անհրաժեշտությունը և հիմնավորում եմ, որ կա»:
Ծրագրերի մասին խոսելիս Խոսրով Հարությունյանն ավելորդ չի համարում Դաշնակցությանն անդրադառնալը: ՀՅԴ-ն ոչ իշխանականներից միակն է, որ պաշտպանում է սահմանադրական բարեփոխումների առաջարկն ու սա, ըստ հանրապետական պատգամավորի, հարգանքի արժանի դիրքորոշում է:
«Մարդիկ հավատարիմ են մնում իրենց դոկտրինին»:
Եվ վերադառնալով հակափաստարկներին ՝ Խոսրով Հարությունյանը խոսում է այն թեզի մասին, որը ամենից շատ ԲՀԿ-ականներն են շրջանառում: Իսկ թեզը հետևյալն է՝ Հայաստանաում առկա հիմնախնդիրներից և ոչ մեկը՝ արտագաղթից մինչև կոռուպցիա, պայմանավորված չէ գործող Սահմանադրության անկատարությամբ:
«Ես կարծում եմ՝ այս թեզը նույնպես կեղծ է: Դրանով առաջնորդվելու դեպքում ստացվում է, որ մեզ ընդհանրապես Սահմանադրություն պետք չէ: Մտածենք արտագաղթի մասին, կաշառակերության մասին, հետո կգա ժամանակը կմտածենք Սահմանադրության մասին: Բայց այս երկուսն իրար հետ որևէ հակասություն չունեն»:
Խոսրով Հարությունյանը չի կարծում, թե սահամանդարական բարեփոխումների հայեցակարգի առանցքը կառավարման համակարգի փոփոխություններն են: Նշում է, որ խորհրդարանական մոդելի առաջարկն ընդամնեը այլընտրանք է: Իսկ փաստաթղթի առանցքն, ըստ հանարապետական պատգամավորի, պետական իշխանության որակի ու պատասխանատվության հայեցակարգն է, որտեղ արմատական լուծումներ են նախատեսում: