

«Հայաստանը ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա կտրուկ դիմակայության պայմաններում վարում է անկողմնակալ քաղաքականություն»,- իտալական Corriere della Sera պարբերականին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Վատիկան այցի շրջանակներում: Հայաստանի նախագահի հետ հարցազրույցը իտալական առաջատար թերթը հրապարակել է երեկվա համարում:
«Գերտերությունների հակասություններից օգտվելը վտանգավոր է փոքր երկրների համար: Մենք ռազմավարական և տնտեսական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, Մոսկվայի հետ հավաքական անվտանգության համակարգի մաս ենք կազմում»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Երևանը միաժամանակ շատ լավ հարաբերություններ ունի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ, և Հայաստանը արտաքին քաղաքականությունը կողմնորոշում է դեպի կոնկրետ հարցերի լուծում:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ Ղրիմի վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկել է ոչ թե նրա համար, որ Ռուսաստանն էլ էր այդպես արել: Հայաստանի նախագահն ընդգծել է, որ, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից անկախության հռչակման փաստը, հայկական կողմի համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է: «Այսինքն՝ Կոսովոյի և Ղրիմի միջև տարբերություն չկա՞»,- հարցին Հայաստանի նախագահը պատասխանել է. «Ինձ իրավունք չեմ վերապահում դատելու Ղրիմի դեպքը: Սակայն ակնհայտ է, որ տեղի է ունեցել ինքնորոշման իրավունքի իրացում: Ամեն դեպքում՝ մենք չենք տեսնում հակասություն ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի միջև: Երկուսն էլ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հիմնարար սկզբունքներ են»։
Սերժ Սարգսյանը պատասխանելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորան հեռանկարի մասին հարցին նշել է, որ երկարատև բանակցությունները խնդրի վերաբերյալ հանգեցրել են կարևոր արդյունքների` կարգավորման հեռանկարները հիմնված է երեք սկզբունքների վրա. ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի մերժում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշում: Հայաստանի նախագահը, սակայն, ընդգծել է, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո խնդրի լուծումը դեռ հեռու է թվում: Սերժ Սարգսյանը մատնացույց է արել նաև Թուրքիայի ոչ դրական դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Երբևէ կփոխվի՞ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ հարցին Հայաստանի նախագահը հետևյալ պատասխանն է տվել. «Ես լավատես եմ, թուրքական կառավարությունը մի օր կառերեսվի իր պատմության հետ և կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Տարեցտարի Թուրքիայի քաղաքացիական հասարակությունում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր տեղյակ են այդ հանցագործության մասին և տեղյակ են, որ տեղի ունեցածում հայերն իրենց չեն մեղադրում: Ցեղասպանության համար մենք մեղադրում ենք նրանց, ովքեր Թուրքիայում կառավարում էին 1915 թվականին, ինչի համար պատասխանատվությունը ճանաչվել է թուրքական դատարանի կողմից: Ես նախագահ Էրդողանին հրավիրել եմ ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման արարողությանը մասնակցելու, բայց կասկածում եմ, որ նա կգա»,- իտալական պարբերականի հետ զրույցում ասել է Հայաստանի նախագահը։