Քաղաքական

Շարմազանովը Պրահայում դատապարտել է Դեյր էզ Զորի եկեցեղու պայթեցումը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խստորեն դատապարտել է նախօրեին ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը` այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսևորում: Նրա համոզմամբ՝ սա ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացում է։

Նա իր վրդովմունքն է հայտնել Պրահայում Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ հանդիպման ընթացքում։

Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ եկեղեցու պայթեցումը նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով գերեզմանոցի և ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է:

ԱԺ փոխնախագահը նկատել է, որ միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հավուր պատշաճի դատապարտումը կարող էր կանխել Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button