Քաղաքական

Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրները ուղղորդել իրավական դաշտ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարել էր, որ պետք է դիմեն Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի կաթողիկոսարանը և կիլիկյան այլ պատմական եկեղեցական տարածքներ հայությանը վերադարձնելու պահանջով։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ թեմային անդրադարձել են «Հայելի» ակումբի այսօրվա հյուրեը՝ ողջունելի համարելով փաստը, որ Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրները ուղղորդվում են դեպի իրավական դաշտ:

Հայկական հարցի հետ կապված խնդիրներն իրավական դաշտում լուծելու մոտեցումը ողջունելի է: Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, սակայն, կարծում է, որ հայությունը դրան դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ։ «Իրավական հիմունքները, մոտեցումներն ամենաճիշտն են: Բայց ինչքանո՞վ ենք մենք պատրաստ բոլոր հարցերը տանել իրավական դաշտ, որովհետև իրավական հարթության մեջ դու պետք է պատրաստ լինես ներկայացնել քո բոլոր հիմնավորումները և ընդունել դատարանի որոշումը»։ Ռուբեն Բաբայանն ընդգծեց, որ մինչ դատարան մտնելը անելիքները շատ են և պետք է լրջորեն պատրաստվել՝ թեկուզ վաղը դիմելու համար:

Գրող, հրապարակախոս Արտեմ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ դատական գործընթաց վաղուց էր պետք սկսել։ «Մենք ահավոր ուշացրել ենք, պետք է որակյալ, բարձրակարգ փաստաբաններ վարձել։ Կան ընտիր փաստաբաններ, որոնք կարող են մեր պահանջատիրության հայցը վերցնել»։

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը նկատեց, որ եթե Թուրքիայի իշխանությունն այսօր ընդունում է, որ 1915թ-ին եղել է տեղահանություն, ապա պետք է նաև դրա հետևանքների համար պատասխան տան։ «Հասկանալի է, որ պահանջատիրության հիմնական ուժը կրելու է Սփյուռքը: Մենք ամենաճիշտ ուղին սա պիտի համարենք»։

ԱԺ հանրապետական խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանի կարծիքով նույնպես պետությունը կարող է դրան որեւէ կերպ չարձագանքել, քանի որ ՀՀ-ն որպես պետություն չի կարող դիմել, սակայն, կարող է աջակցել։

Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքով նույնպես՝ Հայաստան պետության աջակցությունը չի կարող լինել քաղաքական: Նա նկատեց նաեւ, որ եթե անգամ մերժվի ներկայացվելիք փաստաթուղթը, ապա, միեւնույնն է, դա կաշխատի հայկական վարկանիշի օգտին։

Ցուցադրել ավելի
Back to top button