Հայաստանում բացվեց տարածաշրջանում եզակի՝ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում այսօր բացվեց տարածաշրջանում եզակի՝ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը, որի նպատակն է Հայաստանում և տարածաշրջանում օժանդակել մանկական կուրության կանխարգելմանը: Վերապատրաստված հայ վիրաբույժների և ԱՄՆ բժիշկների համագործակցության շնորհիվ կենտրոնը կմատուցի ծառայություններ: Կենտրոնը բացվել է պերինատոլոգիայի հանրապետական ինստիտուտի կողմից: Նշենք նաև, որ այսօր մեկնարկել է միջազգային ակնաբուժական 13-րդ համաժողովը, որը մեկ հարկի տակ է հավաքել Հայաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի և նախկին Խսրհրդային Միության երկրների ակնաբուժության տարբեր ոլորտների անվանի փորձագետների, ովքեր կքննարկեն ոլորտում առկա խնդիրներն ու կմշակեն փորձի փոխանակման իրենց մեխանիզմը:
Անհասության ռետինոպաթիա՝ կուրության հանգեցնող ակնային խանգարում, որն ի հայտ է գալիս հիմնականում անհաս ծնված երեխաների մոտ: Մի քանի տարի առաջ պատկերացում էլ չկար, որ կարելի է օգնել աչքի լույսը կորցնելու վտանգի առջև կանգնած փոքրիկներին, սակայն այն այսօր արդեն հնարավոր է: Այսօր Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բացվեց Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը: Մինչ այդ հայ վիրաբույժները արտասահմանցի գործընկերների հետ վիրահատությունները կատարում էին հիվանդանոցի մեկ այլ հատվածում, սակայն այսուհետ այն կարվի նորաբաց կենտրոնի վերջին սերնդի սարքավորումներով հագեցած վիրահատարանում:
«Սա աշխարհի միակ վիրահատարանն է, որտեղ սարքավորումները միացված են ինտերնետին: Այն ամենը, ինչ կատարվում է վիրահատարանում, հեռարձակվում է ինտրենետով, և ես կարող եմ Լոս Անջելեսից դիտել ու զրուցել վիրաբույժի հետ: Ես Լոս Անջելեսից և բժիշկ Չեն Ուանգը Լոնդոնից այս կապի միջոցով կարող ենք վիրահատության ընթացքում բարելավել հայ բժիշկների մասնագիտական հմտությունները»:
Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի տնօրեն: Թոմաս Լիի տեղեկացմամբ՝ վաղն այս կենտրոնում կկատարվի առաջին վիրահատությունը: Ի դեպ՝ հիվանդը Ռուսաստանից է, ում ռուս մասնագետները չեն կարողացել անհրաժեշտ օգնություն ցույց տալ: Տարածաշրջանում եզակի այս կենտրոնը, առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի խոսքով, կօգնի նմանօրինակ շատ երեխաների: Կարևոր է նաև, որ կենտրոնը գործում է հենց ծննդատան հարևանությամբ:
Ամերիացի և հայ բժիշկներն ամեն ինչ են արել, որպեսզիՀայաստանում զարգանա նեոնատալ առողջապահությունը, ասում է Վահան Պողոսյանը: 2010 թվականից սկսած Հայկական ակնաբուժության նախագծի կողմից հետազոտվել է շուրջ 2000 երեխա, որոնցից 70- ի տեսողությունը կարգավորվել է լազերայի վիրահատության շնորհիվ։ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը կարևորում է այս կենտրոնի գոյությունը, քանի որ Հայաստանում նորածինների 10 տոկոսն անհաս է ծնվում, իսկ նման երեխաների գերակշիռ մասը տառապում է ռետինոպաթիայով՝ կուրությանը հանգեցնող ակնային խանգարմամբ:
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանն էլ վստահեցնում է, որ այս կենտրոնում առաջնորդվելու են ժամանակակից բժշկության կանոններով և բազմաթիվ երեխաների կօգնեն վերագտնել աչքի լույսը:
Ծրագրվում է ստեղծել նաև անհաս ցածր քաշով ծնված նորածինների հետագա զարգացման հսկողության կենտրոն: Տեղեկացնենք մեր ապագա մայրերին, որ երեխայի աչքերի ճիշտ զարգացումն ապահովելու համար պետք է ստանան ճիշտ խնամք և սնունդ: Բոլոր պատվաստումները հատկապես խոզուկի, կարմրուկի և կարմրախտի դեմ անհրաժեշտ է անցկացնել մինչև հղիանալը: Նորածինների կուրության հիմնական պատճառներից մեկը հղիության ընթացքում մոր կարմրուկով հիվանդանալն է: