Քաղաքական

Հայաստանը՝ փահլեւանի կարգավիճակում. փորձագետները մտահոգված են Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանն այսօր հայտնվել է փահլեւանի կարգավիճակում՝ փորձելով հավասարակշիռ  վիճակ պահպանել Եվրոպական Միության կամ Եվրասիական Միություն ընտրության մեջ: Այսօր «Եվրասիական տնտեսական միություն. Ինչ կստանա եւ ինչ կկորցնի Հայաստանը» թեմայով կլոր սեղանի ժամանակ նման դիտարկում է արել Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանին վերջում սպասվում է «գուբերնիայի կարգավիճակ»: Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանն իր հերթին շեշտել է՝ որեւէ քաղաքական երաշխիք չկա, որ Ռուսաստանում սկսված ծանր դրությունը Հայաստանում էլ չի արտացոլվի, եւ դա մշուշում է դրական սպասելիքները: 

Եվրոպական, թե Եվրասիական միություն երկընտրանքի մասին առանց էմոցիայի խոսել հնարավոր չէ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը, չնայած հանդիպման հենց սկզբում պայմանավորվածություն կար գնահատումներ անել  էմոցիոնալ դաշտից դուրս: Ռուսաստանի հետ արդեն ունենք կայուն գործընկերություն, Եվրասիական Միություն մտնելով  դա նոր չէ, որ պետք է ձեռք բերենք, բայց այդպիսով կորցնում ենք եվրոպական կարեւորագույն գործընկերների հետ տարիներով մշակված ու ձեռքբերված համագործակցությունը. շեշտում է Իգիթյանն ու ընդգծում՝ եթե այստեղ Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցն է դրվում, ապա որտեղ են այդ հարցի լուծման երաշխիքները:

«Արդյոք այդ զրկանքներն իրոք հիմնավորված են, եւ արդյոք Սերժ Սարգսյանը անցյալ տարվա սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը լուծեց Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը»:

Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսությունից, ու այսօր վտանգված են ոչ միայն համատեղ ձեռնարկությունները, համատեղ կապիտալով գործող ընկերությունները, այլեւ բոլոր տեսակի խոստումները: Ռուսաստանն արդեն քաղաքական երաշխիքներ տալ չի կարող, իսկ մեր իշխանության պատասխանները շատ հարցերի շուրջ բացակայում են: Ինչ ճակատագիր կունենան եվրոպական երկրների հետ երկկողմանի առեւտրի մեղմված պայմանները, երբ արդեն սկսեն բարձր մաքսատուրքեր կիրառվել, Ազատ առեւտրի համաձայնագրի ընձեռած արտոնություններն ինչպես կփոխվեն, ի վերջո ինչ խմբագրման կենթարկվի մեզ համար կարեւորագույն գործընկեր Ֆրանսիայի հետ գործակցությունը:  Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը բարձրացնում է հարցեր, որոնց պատասխանը որքան կարեւոր, նույնքան էլ անորոշ է ու օր օրի ուշացող:  Բազմաթիվ պայմանագրեր, համաձայնագրեր, կից պայմանավորվածություններ: Ինչ է լինելու դրանց հետ: Միայն Ֆրանսիայի հետ մեր համաձայնագրերը մոտ 3 հազար էջ են կազմում. ասում է Իգիթյանը:

«Մեկ-երկու օր առաջ Էդիկ Նալբանդյանն իր ելույթում չխոսեց այս մասին, այնինչ սրա մասին հենց ինքը պետք է խոսի: Այսինքն՝ Հայաստանը ինչ պետք է անի՝ վերանայի, դենոնսացիայի ենթարկի»:

Եվրասիական Միություն մտնել-չմտնելու հարցը տնտեսական բոլոր ակնկալիքներով հանդերձ քաղաքական գործընթաց է. վստահ է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը: Նա վստահ է, որ ի դեմս Ռուսաստանի մենք գործ ունենք անորոշ անցյալով ու առավել եւս անորոշ ապահով պետության հետ: Ու դա մեզ սպառնում է անգամ «գուբերնիայի կարգավիճակով»,-ասում է Կիրակոսյանը: Եթե Եվրոպական Միությունը տակավին դիտվում է որպես կայուն համակարգ, ապա պատմությունը գրանցել է մեր դառը փորձը՝ ինչի հանգեցրեց Ռուսաստանի անկանխատեսելիությունն Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ, որը մեզ համար ողբերգության հանգեցրեց: Եթե ակնկալում ենք տնտեսության առողջացում, ապա այդ ակնկալիքներն էլ են անհիմն: Այնտեղ էլ նույն «ատկատներն են», դատական համակարգը նույն «հիվանդություններով» է վարակված,-շեշտում է Արտակ Կիրակոսյանը:

«Խնդիր կա, որ մեր տնտեսության ու այս օլիգարխիկ համակարգի առողջացման հարցերն ավելի խնդրահարույց կդառնան»:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանն այսօր հայտնվել է փահլեւանի կարգավիճակում՝ փորձելով հավասարակշիռ  վիճակ պահպանել: Որքանով դա կհաջողվի, փորձագետներն իրենք էլ դժվարանում են կանխատեսել:

Ցուցադրել ավելի
Back to top button