

Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփոխ Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից. այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման կապակցությամբ։
«Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը:
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանասնավորման, աջակցության, հովանավորման ուղիները»,-ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ականապատել և պայթեցրել էր Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Այդ մասին հաղորդել է արաբական Al Mayadeen հեռուստաընկերության կայքը: Այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։