ՊաշտոնականՏնտեսական

ԵՏՄ- ն իրացման նոր շուկաներ կտա, ասել է Սերգո Կարապետյանը

Միանալով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանի համար ի հայտ կգան գյուղատնտեսական և պարենային ապրանքների իրացման նոր շուկաներ, հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ այսօր ընդունելով Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:

Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հետայսու ևս շարունակելու է սերտ համագործակցությունը Եվրոպական Միության երկրների և ԱՄՆ-ի հետ:

Նախարարը նաեւ նշել է, որ ՀՀ կառավարության ջանքերը հիմնականում ուղղված են բարձրացնելու պարենային ապահովությունը, ավելացնելու գյուղատնտեսական մթերքներով Հայաստանի ինքնաբավությունը, հողերի արդյունավետ օգտագործումը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, տնտեսավարման նոր ձևերի ներդրումը և այլն: «Ներկա պայմաններում զարգացած գյուղատնտեսություն ունենալը պետությունների կարևորագույն խնդիրներից է, և այս ուղղությամբ  ՀՀ կառավարության  իրականացրած նպատակային ծրագրերի արդյունքում հնարավոր է եղել վերջին տարիներին ապահովել տնտեսական աճի բարձր ցուցանիշներ», — նշել է Սերգո Կարապետյանը:

Այս ենթատեքստում նախարարը հարկ է համարել տեղեկացնել, որ ներկայումս հանրապետությունում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում թե’ բուսաբուծության, թե’ անասնաբուծության ոլորտներում գյուղատնտեսական ապրանքների ծավալների, ինչպես նաև բերքատվության և մթերատվության բարձրացման ուղղությամբ, հիմնվում են խաղողի և պտղի նոր այգետարածքներ, հատուկ ուշադրություն է դարձվում տոհմային գործի բարելավմանը, կառուցվում են նոր ջերմոցային տնտեսություններ, սպանդանոցներ ու վերամշակող արդյունաբերական ձեռնարկություններ:

Մարկ Հորթոնը կարծիք է հայտնել, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին տպավորիչ են, առկա են գյուղատնտեսության զարգացման լուրջ հեռանկարներ:

Ցուցադրել ավելի
Back to top button