ԵՏՄ- ին Հայաստանի ազդեցությունը կունենա ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Առկա աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին հնարավոր գնաճի միտումներին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի սպառողների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա՝ Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի սպասվող անդամակցությունը կունենա ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն:
Մեր երկրում առկա տնտեսական ճգնաժամի առանցքում վատ կառավարումն է, համոզված է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նա մտահոգված է, որ էլեկտրաէներգիայի արտադրության առկա հզորությունների միայն 30 տոկոսն է այսօր շահագործվում։
Ըստ բանախոսի դիտարկման՝ տնտեսությունը կառավարվում է անտրամաբանական կարկատանային եղանակով: Ի հայտ եկող խնդիրները օպերատիվ կարգով լուծում են ստանում, արդյունքում՝ չի ապահովվում տնտեսության զարգացումը։
Անդրադառնալով մեր երկրի Եվրասիական միությանը սպասվելիք անդամակցությանը՝ Արմեն Պողոսյանը նշեց, որ այս քայլը և դրական և բացասական հետևանքների կարող է հանգեցնել։ Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը անխուսափելի է համարում եվրոպական արտադրանքի թանկացումը մեր շուկայում՝ միության միասնական մաքսերի բերումով:
Եթե ռուսական, բելառուսական և ղազախական ապրանքները արագ լրացնեն հայ սպառողների պահանջարկը, ապա դա դրական կանդրադառնա: Սակայն ռուս-արևմտյան շարունակվող պատժամիջոցային հակամարտության ազդեցությունը հայաստանյան տնտեսության վրա եվրասիական մերձեցման արդյունքում ավելի քան պարզ է՝ բացասական է: