Քաղաքական

ԵՄ- ն հանցագործ գործունեություն է ծավալում, ասում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Եվրասիական միության ստեղծմանը վնասող եվրոպական երկրների գործունեությունը տեղեկատվական դաշտում հանցագործ գործունեություն է և դրա դեմ պայքար է ծավալվում, Երևան- Մոսկվա- Աստանա տեսակմրջի ընթացքում այսօր ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Ուկրաինական դեպքերին անդրադառնալով՝ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ են նշանակում ՆԱՏՕ-ի կողմից  Ուկրաինայում անցկացվող  զորավարժությունները։ Մոսկվայից հնչած այս հարցին Բորդյուժան պատասխանեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժությունները մի երկրում, որտեղ քաղաքացիական պատերազմ է, ոչ այլ ինչ է, քան իրավիճակի սրմանը դրդող քայլ։ «Այդ հանրապետության տարածքում անցկացնել զորավարժություններ  ոչ այլ ինչ է, քան՝ դրդել երկրին  ակտիվ գործողությունների: Դա պատկերավոր ասած նմանվում է մի վիճակի, երբ մեկը կանգնում է երկու կռվող մարդկանց  թիկունքում ու նրանցից մեկի ձեռքը դանակ է տալիս»։

Ուկրաինական դեպքերը ցույց տվեցին, որ պատերազմ է գնում մարդկանց ուղեղների վրա ազդելու միջոցով և դա հաշվի առնելով նախատեսվում է փոխել նաև  ՀԱՊԿ հայեցակարգը, տեղեկացրեց Նիկոլայ Բորդյուժան՝ նաև ավելացնելով, որ եթե  ՀԱՊԿ-ը խաղաղապահ առաքելություն իրականացնի Ուկրաինայում, ապա խաղաղապահ գործունեության շրջանակներում կընդգրկվեն նաև ՀԱՊԿ անդամ երկրները: Նման հարց, սակայն, այժմ չի քննարկվում, ասաց կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Չշրջանցվեց նաև հակաօդային պաշտպանության համակարգի հնարավոր գործարկման հարցը, ինչին ի պատասխան Բորդյուժան պարզաբանեց, որ  ՀԱՊԿ Հակաօդային պաշտպանության միասնական համակարգը երեք տարրերից՝ հայ-ռուսական, ռուս-բելառուսական ու ռուս-ղազախական համակարգերից է բաղկացած։ «Որքան գիտեմ համաձայնություն կա նշված երկրների միջև և բարձր մակարդակով համաձայնություն գոյություն ունի Հայաստանի հետ»,- ասաց Բորդյուժան՝ բացատրելով, որ  ապագայում նախատեսվում է, որ անհրաժեշտության դեպքում այս բոլոր տարրերը կգործեն համաժամանակյա։

Ցուցադրել ավելի
Back to top button