Քաղաքական

Ա.Մանուչարյան.ԵՏՄ-ն ոչ թե զարգացման գրավական, այլ՝ այլընտրանք Արեւմուտքին

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Եվրասիական տնտեսական միությունը զարգացման գրավական չէ, բայց այլընտրանք է իր ռեսուրսները սպառած Արեւմուտքի ծրագրերին, համոզված է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Քաղաքական գործիչների մի մասը այսօր համոզված են, որ հոկտեմբերի 10-ին հանդիպումներից բացի նաեւ գործնական քայլ է սպասվում: Ի դեպ՝ Աշոտ Մանուչարյանը կածում է, որ բացահայտել է ԵՏՄ-ի ստեղծման իրական պատճառը:

Հոկտեմբերի 10-ին ինչ- որ փաստաթղթի ստորագրում են ակնկալում թե «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, թե Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Խոսքը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու մասին է: Ի դեպ՝ նոր տնտեսական միության ստեղծման համար Աշոտ Մանուչարյանն այսօր նոր վարկած է ներկայացրել:

Ասում է՝ ոչ թե առանձին Ռուսաստանի, այլ ընդհանրապես նախկին Խորհրդային Միության երկրների ու հետսոցիալիստական երկրների հանդեպ Արեւմուտքը մոտ 25 տարի է, ինչ կիրառում է պատժամիջոցներ: Դրանք դրսեւորվում են ապագա զարգացման համար տրվող խորհուրդների միջոցով, որոնք ոչ մի լավ բան իրականում չեն բերում: Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ ի հակադրում հենց այս ծրագրի էլ ստեղծվել է նոր գաղափար։ «Ռուսաստանը նոր առաջարկ է անում բոլորին: Ասում է՝ մեզ մեկ է չեն թողնելու զարգանանք, եկեք միասին մի մեծ համակարգ ստեղծենք։ Ռուսաստանը վախենում է տնտեսականից մի բառ եւ մի տառ ավելի ասել, տնտեսական համակարգ, այն ինչ անվանում ենք Եվրասիական Միություն եւ այդ տնտեսական համակարգում փորձենք ինքներս ամեն ինչ արտադրելով, իրար սպասարկելով, իրար տալով մի մեծ շուկա գոյացնենք եւ բոլորս զարգանանք: Մեկ է՝ մեզ ոչ նոր տեխնոլոգիա են տալու, ոչ հնարավորություն են տալու զարգացնենք մեր արդյունաբերությունը, տնտեսությունը, գիտությունը»։

«Ռադիոլուր»-ը հետաքրքրվեց, թե որն է այս դեպքում Արեւուտքի շահը՝ արդեն տրոհված մանր պետություններին պատժել՝ դրանով դրդելով դեպի արհեստական միության ստեղծումը, Աշոտ Մանուչարյանը այս իրավիճակը փորձեց բացատրել այսպես. «Արեւմուտքը իրոք ձգտում է, որ շատ փոքր լինեն երկրները, որովհետեւ ինչքան փոքր են, այնքան կամքի արտահայտությունն ավելի թույլ է: Արեւմուտքը մեզ չի դրդում դեպի այդ միությունը: Նա դրդում է մեզ  ուրիշ բաների, նա դրդում էր դեպի ԵՄ, որը կառավարելի համակարգ էր իր համար, բայց հիմա խորը ճգնաժամի մեջ է ինքը՝ Արեւմուտքը, ինքը չունի միջոցներ նվերներ կատարելու»:

Պետրոս Մակեյանն իր հերթին համոզված է, որ ամառային դիվերսիոն դեպքերն ունեցել են արտաքին ազդակներ։ «Երեւի Ալիեւը չէր համաձայնվել այն տարբերակին, որ նախապես քննարկվում էր ԵՏՄ ներգրավվելու ադրբեջանական տարբերակը, այդ թվում՝ ի հաշիվ Հայաստանի զիջումների: Այդ զիջումների չափաբաժինը երեւի չէր բավարարել Ալիեւին եւ, բնականաբար, Պուտինը որոշեց պատժել Ալիեւին: Եռակողմ Սոչիի հանդիպումը ի ցույց դրեց, որ Ալիեւը շատ կոտրված, շատ տխուր հոգեվիճակում էր»:

Մակեյանը արտաքին ազդակներ է տեսնում նաեւ հոկտեմբերի 10-ին ազդարարված ընդդիմադիրների հանրահավաքում: Կարծում է, որ օրը հենց այնպես չէ ընտրված։ «Դա պատահական օր չէ: Ինչ որ փաստաթուղթ պետք է ստորագրեն ՄՄ հետ կապված: Եվ, բնականաբար, այստեղ տեսնում եմ 5-րդ շարասյան ֆունկցիա են վերցրել իրենց վրա քառյակը, կամ հոկտեմբերի 10-ով՝ եռյակը»:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն այս պահին չի վստահում հանրահավաքի դաշտում հայտնված ոչ մի կուսակցությանը: Այդ պատճառով էլ հոկտեմբերի 10-ին չի մասնակցի ընդդիմադիրների հանրահավաքին:

Ցուցադրել ավելի
Back to top button