Քաղաքական

Ս. Սարգսյան. հանրաքվեն դառնում է արդի էթնիկ հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորագույն իրավական գործիքներից

ՀՀ նախագահը Վատիկանում անդրադարձել է Շոտլանդիայում կայացած անկախության հանրաքվեին։

«Երեկ մենք ականատես եղանք Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեին, որի միջոցով ևս մեկ ազգ ազատ կամարտահայտությամբ որոշեց սեփական ճակատագիրը տնօրինելու հարցը: Հանրաքվեի արդյունքներն արդեն պարզ են և, շոտլանդացի ժողովրդի հավաքական որոշումն արժանի է հարգանքի:

Անկախ հանրաքվեի արդյունքներից` այստեղ գլխավորն այն է, որ շոտլանդացի ժողովրդին հնարավորություն ընձեռնվեց իրացնելու իր անօտարելի՝ ինքնորոշման իրավունքը: Չեմ կարող հիացմունքի խոսքեր չարտահայտել Մեծ Բրիտանիայի կառավարության և ժողովրդի հասցեին, որոնք խնդրի կարգավորման համար ընտրեցին քաղաքակիրթ պետությանը վայել ժողովրդավարական մեթոդներ, թեև, ակնհայտ էր, թե որքան դժվար էր դա անելը:

Միաժամանակ, միջազգային հանրության տեսակետից այստեղ կարևոր է երևույթն ինքնին. խաղաղ ձևով որոշվեց մի ողջ ժողովրդի հետագա կարգավիճակը, և այդ ժողովուրդն ազատ բանավեճի միջոցով որոշեց իր հետագա ճակատագիրը:

90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ փորձեց խաղաղ ճանապարհով՝ հանրաքվեի միջոցով, որոշել իր ապագան, սակայն Ադրբեջանի իշխանությունները նրանց պատասխանեցին Բաքվի և Սումգայիթի կոտորածներով, զանգվածային տեղահանություններով և ի վերջո՝ պատերազմով:

Ակնհայտ է, որ աստիճանաբար հանրաքվեն դառնում է արդի էթնիկ հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորագույն իրավական գործիքներից: Եվ պատահական չէ, որ 20 տարի անց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հիմնասյունը ևս՝ հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու նրա իրավունքն է: Շոտլանդիայի հանրաքվեն միջազգային հանրության համար մեծ խորհուրդ պարունակող հանրաքվե էր, և շատ լավ օրինակ, թե ինչպես է հնարավոր լուծում տալ այնպիսի կարևորագույն հարցի, ինչպիսին դրված էր երեկվա հանրաքվեի հարցաթերթիկում»,- ըստ «Արմենպրեսի»՝ Վատիկանում  ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button