ԿարևորՔաղաքական

Ս. Սարգսյան. Հայի տեսակի վաղվա օրը որոշվում է հայրենիքում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր ավարտվել է Հայաստան –Սփյուռք 5-րդ համաժողովովը, որին մասնակցել են ավելի քան  60 երկրների  հայկական կազմակերպությունների  ու  կառույցների  շուրջ 750 ներկայացուցիչներ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած համաժողովի  լիագումար նիստում փակման խոսքով հանդես է եկել  հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով ներկաներին շնորհավորել է ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առիթով ու կոչ արել միասնաբար պահպանել և զարգացնել  հայրենիքը, նրա անկախությունն  ու խաղաղությունը։

«Հայ ժողովրդի ամենամեծ քննությունն այսօր Հայաստանի պետականության  առօրյա կյանքի  կազմակերպման գործն է: Եթե մեզ հաջողվեց  հաղթահարել  ամենաբարդ քննությունը, որն էր պատերազմը, ապա այսօրվա խնդիրների հորձանուտում ընկրկելու իրավունք  չունենք»,-  Հայաստան- Սփյուռք 5-րդ համաժողովովի մասնակիցներին ուղղված իր ելույթում այսօր նշեց  հանրապետության նախագահ Սերժ  Սարգսյանը։ Նրա ձևակերպմամբ՝ հայի տեսակի վաղվա օրը որոշվում է հայրենիքում, նրա ապագան ու հեռանկարը կոփվում են Հայաստանում, ուստի   հայրենիքի ու Սփյուռքի գործակցության վեկտորը  պետք է ուղղել  Հայաստանի տնտեսական զարգացմանը: Սփյուռքի համար ևս դա պետք է լինի գերխնդիր,- նկատեց նախագահը։

«Հայաստանի կառավարող բոլոր վարչակազմերի ամենալուրջ խնդիրներից մեկը եղել է արտագաղթը: Արդի իրողությունն այնպիսին է, որ այսօր կարող ենք խոսել հայաստանցիների՝ նոր սերնդի Սփյուռքի գոյության մասին: Եվ իրար թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում մեղադրելու փոխարեն մենք պետք է գործնական միջոցներ գտնենք և ձեռնարկենք այդ խնդրին լուծում տալու համար: Միասին վեր հանենք բացթողումները և արձանագրենք, թե ինչ հակաքայլեր կարող ենք ձեռնարկել»։

ԼՂՀ հիմնահարցի արդարացի լուծման և Արցախի ժողովրդի անկախ ու արժանապատիվ ապրելու բնական իրավունքի պաշտպանության հարցում ևս նախագահ Սարգսյանը  կարևորեց Սփյուռքի ներգրավվածությունը։ «Այժմ անհրաժեշտ է բոլոր ճակատներում պատշաճ կերպով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման օրինական պահանջը, նրան պարտադրված գոյամարտը, Արցախի ժողովրդի խիզախությունն ու տոկունությունը, անկախ և արժանապատիվ ապրելու կամքն ու բնական իրավունքը։

«Պատերազմը դեռ չի ավարտվել, այն պսակվել է մեր հաղթանակն արձանագրած զինադադարով: Եվ այսօր հայկական սահմանները պաշտպանված են մեր անպարտ ու մարտունակ բանակի շնորհիվ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ հպարտ է, որ ունենք այսպիսի բանակ, որը վայելում է մեր ողջ ազգի վստահությունն ու սերը և կազմակերպվածության օրինակ է ծառայում բոլորիս: Հայկական բանակն իր քաջ զինվորներով ու սպաներով կկանխի ցանկացած ոտնձգություն, երբեք չի ընկրկի և իր մարտական պատրաստվածությամբ, ազգային ոգով ու հայրենասիրությամբ անառիկ կպահի հայոց երկու պետությունների սահմանները»:

2015 թվականին մենք ազգովին ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության   100-րդ  տարելիցը, որը, ըստ նախագահ Սարգսյանի,  ոչ թե հայոց պահանջատիրության սահմանագիծն է այլ ազգային վերազարթոնքի նոր հանգրվանը: Սերժ Սարգսայանն այսօր առաջարկեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովը   2015-ին վերանվանել «Համահայկական խորհուրդ», որը կդառնա համահայկական հրատապ խնդիրների քննարկման ազգային մշտական հարթակներից մեկը:

Ցեղասպանության 100-ամյակին  նվիրված միջոցառումներին այսօր անդրադարձավ նաև   ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, պետական հանձնաժողովի անդամ, 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը: Նա վստահեցրեց,  որ 2015  թվականին Հայաստանը կդառնա ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի գլխավոր միջազգային հարթակը: «Մենք հարթակ ենք ստեղծելու ցեղասպանության ենթարկված  բոլոր ժողովուրդների ձայնը լսելի դարձնելու համար, քանի որ ցեղասպանության հանցագործությունը սահմաններ չի ճանաչում և ուրիշի ցեղասպանություն չի լինում»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button