Քաղաքական

Հայրիկյանը վրդովված է, Անկախության նվիրյալները չեն հրավիրվել Անկախության տոնին

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Վաղը Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումներ են նախատեսված, իսկ անկախության ակունքներում կանգնած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վրդովված է այդ միջոցառումները կազմակերպելու տրամաբանությունից: «Այսօրվա դրությամբ տոնակատարությանը հրավիրված են մարդիկ, ովքեր որեւէ կապ չունեն անկախության հետ»,- այսօր հայտարարեց Հայրիկյանը:

Ինքն անձամբ հրավեր ստացել է, բայց իր զինակիցներն են անտեսվել: Փոխարենը՝ անկախության կերտումն էլ, սահմանադրության ընդունումն էլ իրենց են վերագրում մարդիկ, ում այդ տարիներին Պարույր Հայրիկյանն իր կողքին չի էլ հիշում: Անկախության հանրաքվեի ճանաչման ռազմավարության ճանապարհն ինքը Անդրանիկ Մարգարյանի ու Աշոտ Նավասարդյանի հետ միասին է անցել։ Նրանք այսօր կենդանի չեն:

Իրեն Անկախության պայքարի առաջնորդ բնորոշող Հայրիկյանը թվարկում է այլ անուններ էլ, ովքեր հարգանքի են արժանի՝ Ազատ Արշակյան, Ռազմիկ Մարկոսյան, Սուսաննա Ավագյան, Մեխակ Գաբրիելյան: Եթե նրանց անունները պատշաճ ձեւով չհիշատակվեն հրավիրվածների ցանկում, Հայրիկյանն ինքն էլ պատրաստ է բոյկոտել տոնակատարությունները՝ գերադասելով դա իր այգու մի անկյունում անցկացնել, բայց իր ընկերների հետ։ «Ես չեմ հասկանում՝ ինչ է սա, հիշողության կորո՞ւստ»,- ասում է:

Ինչեւէ՝ վերադառնալով անկախության թեմային՝ Հայրիկյանը շեշտում է՝ Անկախության օրն իր համար սեպտեմբերի 21-ը չէ, այլ մայիսի 28-ը: «Սեպտեմբերի 21-ին հանրաքվե է տեղի ունեցել, մի օր մեկի խելքին փչել է հայտարարել, թե դա մեր անկախության օրն է, ու այդպես էլ ընդունվել է»,- ասում է Հայրիկյանն ու մանրամասնում՝ սեպտեմբերի 21- ը սոսկ անկախության հանրաքվեի օրն է:  Ընդ որում, ըստ բանախոսի, Հայաստանի անկախությունը 2013թ. սեպտեմբերի 3-ից Սերժ Սարգսյանի ձեռքով կասկածի տակ է առնվում։

«Ցավոք սրտի՝ ուրախանալու քիչ բան ունենք այսօր, հատկապես Հայաստանի քաղաքական կյանքով հետաքրքրվող մարդիկ: Հիմա մենք կանգնել ենք մի խայտառակ փաստի առաջ: Անցյալ տարի սեպտեմբերին Հայաստանը փոխեց իր կողմնորոշումը եւ առանց որեւէ հիմնավորման որդեգրեց Եվրասիական Միություն ուղեգիծը»։

Հայրիկյանը հիշեցնում ու ընդգծում է իր տեսակետը` Հայաստանի քաղաքական ուղեգծի փոփոխությունը փակեց դռները դեպի Եվրամիություն ու միաժամանակ չբացեց դռները դեպի Մաքսային միություն: Սեփական բնորոշմամբ՝ այս ձախողումը Հայրիկյանը համարում է մեր երկրի իշխանությունների հրաժարականը պարտադրող պատճառ: Հրաժարականին հասնելուն Հայրիկյանի հացադուլն էլ չօգնեց ու չնպաստեց,  բայց ԱԻՄ առաջնորդը դեռ հույս ունի, որ իր կողքին կանգնած են իսկական նվիրյալներ՝ ընդդեմ ռուսական իմպերիալիզմին նվիրվելուն ու ընդդեմ քաղաքակիրթ աշխարհից հրաժարվելուն։

Ցուցադրել ավելի
Back to top button