ԿարևորՀասարակություն

Կրթական բարեփոխման նոր ծրագիր է իրականացվելու. այն կարժենա 2 մլրդ դրամ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մոտավորապես մեկ շաբաթ առաջ ՀՀ նախագահն ազդարարեց կրթության ոլորտում նոր բարեփոխման մասին: Այսօր այդ թեմայով խոսել են կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Կրթական նոր բարեփոխումը տեւելու մի քանի տարի՝ մինչեւ 2017 թվականը, պահանջելու  է 2 միլիարդ դրամի ծախս եւ ուղղված է լինելու ուսուցչի դերի բարձրացմանը: Կրթության եւ գիտության նախարարությունը ծրագիրը ձեռնարկում է <Այբ> հիմնադրամի հետ՝ համագործակցելով Քեմբրիջի համալսարանի եւ Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ:

Եւս մեկ այլընտրանք՝ պետական կրթական ծրագրին զուգահեռ: Հանրապետության տարածքում ընտրվելու է 12 ավագ դպրոց, որտեղ հայալեզու դասավանդումը կազմակերպվելու է միջազգային չափորոշիչներով՝ հատուկ դրա համար վերապատրաստված ուսուցիչների կողմից: Այս հավակնոտ ծրագրի նպատակն է առաջին հերթին բարձրացնել ուսուցչի դերը հասարակության մեջ եւ այդ գործում պակաս կարեւոր չի լինելու նրանց աշխատավարձը:

Նախատեսվում է, որ այդ ավագ դպրոցների ուսուցիչները ստանալու են մոտ 400 հազար դրամի աշխատավարձ: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունում է, որ կրթական խնդիրներն այսօր սկսվում են ապագա մանկավարժի բուհ ընդունվելուց։ «Հայտերը, որ նայում ենք, տեսնում ենք՝ եթե չընդունվեն ԵՊՀ էսինչը կամ բժշկականի էսինչը, հետո կտամ մանկավարժական: Սա լուրջ խնդիր է, որովհետեւ նաեւ հաճախ լավ երեխաներ ընդունվում են այնտեղ, որտեղ ստացվեց, ոչ թե այնտեղ, որտեղ ուզում էին»։

Ուսուցիչների նոր սերնդի ձեւավորումը միանգամից չի լինելու: Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից եւ տեւելու է մի քանի տարի: Հաշվարկված է՝ մինչեւ 2017 թվականը անհրաժեշտ է 2 միլիարդ դրամի չափ գումար: Այն հատկացվելու է պետական միջոցներից: Առաջիկա տասնամյակում երկու հազար ուսուցիչ է վերապատրաստվելու միջազգային չափորոշիչներով: Մասնագետները, սակայն, չեն մեկնելու Քեմբրիջի համալսարան կամ Լոնդոնի կրթության ինստիտուտ: Այնտեղի մասնագետներն են ժամանելու Հայաստան երկու տարվա ընթացքում վերապատրաստման դասընթացների հիմքերը դնելու, հետո արդեն  վերահսկելու են այստեղ իրականացվող վերապատրաստման դասընթացների որակը:

Բոլոր տեսակի կոռուպցիոն ռիսկերը այս ծրագրով բացառված է, ասում է «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը՝ ակնարկելով, որ ուսուցիչները վկայականը ինչպեսկարող են ստանալ, այնպես էլ կորցնել, եթե չհամապատասխանեն որոշ չափանիշերին։ «Գլխավոր պայմանը փորձի տարածումն է: Այսպիսի մի առաքելական շունչի տարածումն է ամբողջ մեր կրթական համակարգով: Նոր շունչ բերել, տաղանդ բերել, փայլ բերել դեպի կրթություն: Ոգեւորել մեր երտասարդությանը կրթությամբ վերափոխվելու գաղափարով»։

Կրթության եւ գիտության նախարարն այսօր ընդունեց, որ ներկայումս կա խզում կրթական հաստատությունների եւ աշխատաշուկայի միջեւ: Նախարարի ներկայացմամբ՝ նա այնքան է մտահոգված այդ խնրով, որ իր բոլոր գործուղումների ժամանակ հետաքրքրվում է, թե ինչպիսին է այդ առումով իրավիճակը այլ երկրներում։ «Բոլոր երկրներում կա խզում կրթական ծառայությունների եւ աշխատաշուկայի միջեւ: Եվ ինչպես գերմանիայի համալսարաններից մեկի ռեկտորն էր ինձ խոստովանում, իրենց մոտ տնտեսագետներն են ավարտում, որ հետո գնան զբաղվեն տաքսի քշելով: Շատ տիպիկ հայկական օրինակ է, մեզ թվում էր, բայց պարզվում է, որ դա կա նաեւ Սաքսոն-Անհալտում ենթադրենք: Բայց դա, իհարկե, դարման չէ, սփոփանք չէ մեր խնդիրներին, որ այդ պրոբլեմներից ունեն նաեւ ուրիշները»։

Վերջում ավելացնեմ, որ պատասխանատուները խոստացան, որ կրթական նոր բարեփոխումների առումով մոտավորապես առաջիկա կես տարվա ընթացքում հանրային քննարկումներ կկազմակերպեն։

Ցուցադրել ավելի
Back to top button