ԿարևորՔաղաքական

Հռոմի պապն ու ՀՀ նախագահը քննարկել են մերձավորարեւելյան իրադրությունը (լրացված)

լրացվել է ժամը 18։12- ին

Մերձավոր Արեւելքի ճգնաժամը, հատկապես մարդասիրական իրավիճակն ու քրիստոնյաների հետապնդումներն են դարձել այսօր Հռոմի Ֆրանցիկոս Առաջին պապի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քննարկման թեման, հայտնում է «Վատիկանի ռադիոն»։

Ջերմ մթնոլորտում անցած բանակցությունների ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման ուղությամբ՝ հատկապես ընդգծելով քրիստնոեության դերը հայ հասարակության պատմության մեջ եւ կյանքում։

Հատուկ ուշադրություն  է դարձվել Մերձավոր Արեւելքում քրիստոնեական համայնքների եւ կրոնական փոքրամասնությունների խնդիրների վիճակին։

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդման համաձայն՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել են վերջին տարիներին հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու փոխադարձ պատրաստակամության մասին: Սերժ Սարգսյանը և Նորին Սրբությունը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կաթոլիկ եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության մասին:

Հանդիպման ընթացքում նախագահը Սրբազան քահանայապետին պաշտոնապես հրավիրել է 2015թ. այցելել Հայաստան: Սրբազան քահանայապետը սիրով ընդունել է հրավերը՝ վստահեցնելով, որ իր սրտի ցանկությունն է գալ Հայաստան:

Այնուհետև նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վատիկանյան հարաբերությունների ներկան և զարգացման հեռանկարը: Կողմերը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին ժամանակահատվածում այդ հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով և գործակցության ամենատարբեր հարթություններում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում քրիստոնիաներին և քրիստոնեական ժառանգությանն առնչվող արդի հիմնախնդիրները: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կարդինալ Պիետրո Պարոլինին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Սուրբ Աթոռի հավասարակշռված դիրքորոշման համար:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ:

Back to top button