ՀՅԴ- ն կափսոսա, եթե միասնական հանրահավաքում սահմանադրական բարեփոխումներից հրաժարվելու պահանջ դրվի


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Հոկտեմբերի 10-ին նախատեսված ոչ իշխանական եռյակի հանրահավաքին չմասնակցելու ՀՅԴ որոշումը հիմնավորված է ու ճիշտ, պարզաբանելով կայացված որոշումն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Թեև որոշ անհատներ ու լրատվամիջոցներ պիտակավորում են դաշնակցության այս քայլը, սական դաշնակցականները համոզված են իրենց քայլի ճշմարտացիության մեջ։ Այս դեպքում արդեն էական չէ, թե ով ինչ է ասում. «Կան տարաձայնություններ առանցքային հարցերի շուրջ, բայց մյուս հարցերի շուրջ համագործակցությունը կշարունակվի»,- ասաց։
Դաշնակցությունը համոզված է այս համակարգը քանդելու իր իրավացիության մեջ և սխալ է համարում զուտ սահմանադրական փոփոխությունների պահանջով հանրահավաքի անցկացումը: Ավելի ճիշտ կլիներ, եթե առանցքում դրվեին 12 պահանջները: Աղվան Վարդանյանը խիստ կասկածներ ունի, թե իշխանությունները կողմ կլինեն խորհրդարանական կառավարման համակարգի անցմանը: Նա նաև նշեց, որ շատ կցավա, եթե նախատեսված հանրահավաքին հիմնական պահանջ դարձվի սահմանադրական փոփոխություններից հրաժարվելու հարցը։ «Դա կնշանակի իշխանությունների դիրքերի ամրապնդում ու վերարտադրության հնարավորություն»,- ասաց։
Այս դեպքում չի բացառվում, որ իշխանությունը ցույց տա, որ ընդունում է պահանջն ու այդ կերպ նույն ընտրական համակարգով մասնակցի հաջորդ ընտրություններին։ Ավելացնեմ, որ սահմանդրական բարեփոխումների հանձնաժողովը փոփոխությունների հայեցակարգը կներկայացնի հոկտեմբերի 15-ին, ինչից հետո պարզ կդառնա, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում։