Հասարակություն

Հադրութում բնակչության թիվն ավելանում է

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-ԼՂՀ

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Հադրութի շրջանի գյուղատնտեսությունն այս տարի երաշտի պատճառով դատապարտվեց չորացման, ոռոգման ջուր չկա, խմելու ջուր՝ նույնպես, Հադրութցիների մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի, բայց չեն արտագաղթում: Վարչական տարածքում աստիճանաբար նկատվում է բնակչության թվի աճ: 

Արցախի հանրապետության Հադրութի շրջանի բնակչությունը  հիմնականում զբաղվում  է գյուղատնտեսությամբ, սակայն այս տարի  կլիման այնքան էլ բարենպաստ չէր գյուղատնտեսության համար, երաշտի հետևանքով բույսերը դեռ ամռան կեսին սկսեցին  դեղնել ու չորանալ: 107,743 հա  գյուղնշանակության հողերը, որոնք  դրված են կերային մշակաբույսերի , բանջարեղենի մշակության  և պտղատու այգիների տակ,  այս տարի  ոռոգման ջրի սակավության և երաշտի պատճառով չորացան ու բերք չտվեցին: Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը դժգոհեց գյուղատնտեսության մեջ գրանցված ցածր ցուցանիշից, հատկապես հացահատիկի ցածր բերքատվությունից, մինչդեռ  Հադրութում նախորդ տարիներին ցորենի միջին բերքատվությունը շատ ավելի բարձր է եղել՝ 23,5 ցենտներ:

Հադրութի քաղաքապետ Արմեն Աբրահամյանը նույնպես դժգոհեց տարվա անբարեհաճ եղանակից, քանի որ  քաղաքի բնակչության մեծ  մասը նույնպես զբաղված է  գյուղատնտեսության մեջ, աշխատելու  ցանկությունը մեծ է,  իսկ ոգին՝ անկոտրում:

Հադրութի շրջանի Մելիքաշեն գյուղից  70-ամյա Անահիտ Սավադյան իրենց ծանր կացությունը պայմանավորեց երաշտով, իր հողամասում ամեն բարիք մշակում է, բայց այս տարի ձեռնունայն է մնացել, ոչ միայն ոռոգման, ալյև խմելու ջուր էլ չունեն:

Հադրութից մինչև Ստեփանակերտ 70 կմ է, որն էլ գյուղատնտեսական մթերքների հիմնական իրացման վայրն է: Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը տեղեկացրեց, որ  երաշտի հետևանքով կառավարությունը միջոցներ է ձեռնարկել գյուղացիներին աջակցելու նպատակով . «Գյուղացիներին տրվելու է 7000 դրամով դիզելային վառելիք, վարկ, հարկերից էլ  մեկ տարով ազտելելու են»:

Չնայած դժվարին պայմաններին Հադրութի շրջանում անցած տարվա համեմատությամբ բնակչության աճ է գրանցվել և պաշտոնական տվյալներով 30 համայնքի 42 բնակավայրում ապրում է շուրջ  13հազար 300 մարդ: Հադրութի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը նշեց, որ 85 մարդով ավելացել է բնակչության թիվը, որը պայմանավորված է և բնական աճով, և բերաբնակեցմամբ:

Վալերի Գևորգյանի հավաստիացմամբ հադրութցիներին տեղում պահելու նպատակով շրջանում որոշակի ծրագրեր են իրականացվում, հատկապես կարևորեց շինարարությունը: Զոհվածների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումն իրականացվում է  ԼՂՀ կառավարության բյուջեի հաշվին, մասամբ էլ համայնքների տեղական բյուջի միջոցներով, 92 տոկոսով այն կատարվել է:

Միայն Հադրութ քաղաքում ապրում է  ավելի քան 4000 բնակիչ, քաղաքապետ Արմեն Աբրահամյանը նշեց, որ բնակավայրից արտագաղթողներ չկան, բայց արտագնա աշխատանքի մեկնողների թիվն է ավելացել:  Ինչևէ, հաղթահարելով դժվարությունները նրանք միախմբված են հանուն հայրենիքի ու ազատ Արցախի գաղափարախոսության շուրջ:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button