Հասարակություն

Կարեւորը որակն է, ոչ թե քանակը, ՀՀ- ում գործում է 3000 ՀԿ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

2009 թվականից սեպտեմբերի 19- ը նշվում է որպես քաղաքացիական հասարակության միջազգային օր: Ամեն տարի տարբեր թեմաներ են ընտրվում և քննարկվում՝ փորձելով պարզել, թե կայացման որ կետում է քաղաքացիական հասարակությունը և ինչ ազդեցություն ունի: Այս տարի քննարկման  խորագիրը հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև համագործակցությունն է: Արդյո՞ք կա այդ համագործակցությունը և ինչ արդյուքներ ունի, թեման այսօր քննարկվել է «Մեդիա» կենտրոնում պետական ու հասարակական սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ։

2014 թ. hուլիսի  1-ի դրությամբ Հայաստանում գրանցված հասարակակական կազմակերպությունների թիվը գերազանցում է 3 հազարը: Այս թիվը մի քանի անգամ մեծ է,  քան  կուսակցությունների ու այլ կառույցների քանակը: Ոլորտի խնդիրներին տեղյակ մասնագետներն ասում են, որ քաղաքացիական հասարակության արդյունավետությունը պետք է գնահատել ոչ թե ըստ քանակի, այլ՝ ըստ որակի: Իսկ այդ առումով առաջընթաց նկատում են։

Կարծիքը կիսում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, «Մենք տարեցտարի տեսնում ենք հասարակական կազմակերպությունների աճ, առաջընթաց: Խոսքը ոչ թե քանակական, այլ՝ որակակակն ցուցանիշների ու արդյունավետության մասին է: Մենք տարեցտարի տեսնում ու ստանում ենք այդ արդյունավետության պտուղները»:

ՕՔՍՖԱՄ-ի  Հայաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Հակոբյանը նույնպես կարևոում է  հասարակական կազմակերպությունների ոչ թե քանակը, այլ՝ որակը: Նրա դիտարկմամբ՝ կարևորը հարցն է, թե քաղաքացիական հասարակության ու  պետական կառույցների համագործակցությունը որքանով է ազդում կայացվող որոշումների և  ընդհանուր քաղաքականության վրա։ «Խոսքը վերաբերում է հատկապես հանրային քաղաքականությունների մշակման գործընթացին, ոչ թե գործընթացային, այլ՝ բովանդակային համագործակցությանը: Կարծում եմ՝ հենց սա է քաղաքացիական հասրակության դերը»։

Մարգարիտա Հակոբյանը կարծում է, որ գրանցված 3 հազարից միայն մի քանիսն են կարողանում լուծել այս խնդիրը: Պետական կառույցների ներկայացուցիչներն  ավելի լավատեսական գնահատականներ ունեն: Արդարադատության նախարարության  իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանը ՀԿ-երի հետ համագործակցության մի քանի ուղղությունն է նշում. նախարարին կից հասարակական խորհուրդ, քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական խումբ: Համագործակցության ամենաթարմ օրինակն էլ ՀԿ-ներին և  հիմնադրամներին վերաբերող նոր հայեցակարգի մշակումն է։ «Քաղաքացիական հասրակության կազմակերպությունների ինստիտուցիոնալ նոր հայեցակարգ, որտեղ նորարարական մոտեցումներ կան թե կազմակերպությունների, թե հիմնադրամների վերաբերյալ»:

«Ունիսոն» կազմակերպությունն իր հետապնդած նպատակներին վերաբերող տարբեր հարցերով փորձում է համագործակցել պետական կառույցների հետ և որոշակիորեն ձևավորված պատկերացում ունի, թե որքանով է քաղաքացիական հասարակության ձայնը լսելի պետական կառույցների համար:   Կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանն ասում է, որ տարբեր գերատեսչությունների  հետ համագործակցությունը ունի տարբեր արդյունավետություն: ԱԺ-ի, արտակարգ իրավիճակների նախարարության  հետ համագործացությունից գոհ են, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, քաղաքապետարանի հետ համագործակցությունն, ասում են, արդյունքներ ունենում է, բայց մեծ ջանքերի ու երկարատև քննարկումների արդյունքնում: «Երբեմն նկատվում է ձևական վերաբերմունք, կամ հետևյալ իրավիճակը ՝ բոլորը կողմ են, դեմ չեն, բայց խնդիրը որևէ կերպ չի լուծվում կամ շատ դժվար է լուծվում: Խոսքը, օրինակ, մատչելիության խնդրի մասին է»։

Ցուցադրել ավելի
Back to top button