

«Անկախ արդյունքներից, Շոտլանդիայի հանրաքվեն դարձավ ևս մեկ նախադեպ, որը հարստացրեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման համաշխարհային պրակտիկան և հաստատեց այն ակնհայտ փաստը, որ սեփական ճակատագիրը որոշելու ժողովուրդների իրավունքի ճանաչումը նորմ է համարվում ժողովրդավարական հասարակության մեջ»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ այսօր տարածած հայտարարության մեջ։
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը անհրաժեշտ է համարել հիշեցնել, «որ հենց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարումն է հանգեցրել մարդու իրավունքների զանգվածային խախտումների ու Ադրբեջանից հայ բնակչության բռնատեղահանման և Ադրբեջանի կողմից ԼՂՀ հանդեպ հետագա լայնամասշտաբ ագրեսիայի, որի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ սպանվեցին, իսկ հարյուր հազարավորները դարձան փախստական»։
«Արցախի ժողովրդի կամարտահայտության միջազգային ճանաչումը, որն իրականացվել է 1991 թ. և հաստատվել 2006 թ., կապահովի խաղաղ գործընթացի անդառնալիությունն ու հնարավորություն կտա կենտրոնացնել ջանքերը ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների և պայմանների մշակման վրա»,- ասված է հայտարարության մեջ։