Հասարակություն

Այսօր Քաղաքացիական հասարակության օրն է

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր Քաղաքացիական հասարակության օրն է: Որքանով է այսօր մեզանում կայացած քաղաքացիական հասարակությունը, եւ ինչ խնդիրներ ունի այն: Նաեւ համացանցի դերը քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Այս թեմաների շուրջ այսօր խոսել են «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:

Քաղաքացիական հասարակության ակտիվ աշխատանքի եւ հաղթանակի որպես վառ օրինակ վերջին շրջանում նշվում է «Դեմ եմ» շարժումը: Ինչ որ չափով այս ոլորտում առաջընթաց կա, կարծում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, բայց եւ համոզված է՝ քաղաքացիական հասարակության ակտիվացման ֆոնին, միեւնույնն է, հարց է, թե որքանով է հասարակությունն այսօր ազդում որոշումներ կայացնելու վրա:

« Մասնավորապես բյուջեի ծախսման պահը մեզ մոտ այդպես էլ չի վերահսկվում: Ունակությունների պակասը հստակ քաղաքացիական հասարակության մեջ է: Օրինակ՝ նույն ԱՄՆ-ում, այլ երկրներում դա քաղաքացիական հասարակության կարեւորագույն ոլորտն է, որտեղ վերահսկողությունը պետական ծախսերի վրա բավականին ուժեղ է»:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ թեեւ քաղաքացիական հասարակության հիմքերը Հայաստանում հաստատվել են դեռեւս 1989 թվականին, բայց այս համեմատականում կա մի բայց. «Պարզվել է, որ անկախություն ստանալը ավելի դյուրին է եւ ավելի միացնում է ժողովրդին, քան ժողովրդավարության կայացումը եւ քաղաքացիական հասարակության կայացումը»:

Վերջին տարիներին տարբեր երկրներում ծավալված իրադարձություններն ապացուցել են՝ քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ ակտիվացման գործում մեծ դեր ունի նաեւ համացանցը: Անցյալ տարի Հայաստանը ճանաչվել է ինտերնետի ազատ գոտի՝ զբաղեցնելով 29-րդ տեղը: Դա լավ ցուցանիշ է, քանի որ առաջատարը համարվում էր առաջին 30 տեղը: Այսօր էլ բազմաթիվ երկրներ կան, որտեղ պետական մակարդակով փորձ է արվում սահմանափակել համացանցի հնարավորությունները: Այդ երկրներից է, օրինակ՝ Ռուսաստանը, որտեղ մի քանի չինովնիկ կարող են կամայականորեն որոշել փակել այս կամ այն կայքը: Այս առումով «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը որոշ մտավախություններ ունի:

« Հաշվի առնելով, որ Հայաստանն ավելի սերտ կապերի մեջ է մտնում, Ռուսաստան, Բելառուս՝ ի դեպ, այդ երկու պետություններում էլ շատ հեռու չէ ռուսական այդ քաղաքականությունը, ուստի պետք է պահպանել այն նվաճումները, որոնք մենք ունենք 20-ից ավելի տարիների անկախ լինելու ընթացքում: Այստեղ քաղաքացիական հասարակության դերը շատ մեծ է՝ թույլ չտալ, որպեսզի նման սահմանափակումները դառնան Հայաստանում նորմա»:

Ի դեպ՝ Լարիսա Ալավերդյանն այսօր մեծ ձեռքբերում է համարում այն ուսումնասիրությունների տվյալները, համաձայն որին տարածաշրջանի ամենաերջանիկ հասարակությունը Ղարաբաղինն է: Սա հատկապես կարեւոր է հարեւանների հետ համեմատականի դեպքում:

« Միջազգային փորձագետների մոտ զարմանք է առաջացնում, երբ իրենք գալիս են, տեսնում են ճանապարհի այն կողմում կանգնած է զինված հակառակորդը, բայց Ստեփանակերտում 10 մարդ կանգնած ինչ որ բան է պահանջում ինչ որ նախարարության մոտ: «Ֆրիդըմ Հաուսը» ստիպված է եղել առանձնացնել, Արցախի չափումը տալ, որ նա կիսազատ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ ազատ: Այո, հայկական հասարակությունն ունի իր առանձնահատկությունը եւ շատ անգամ դա դրական է: Բայց քաղաքացիական հասարակությունը պետք է զգոն լինի, որ այդ դրոշի ներքո չգան բոլորովին այլ եւ օգուտ չբերող երեւույթներ»:

Ցուցադրել ավելի
Back to top button