

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի արդեն ավանդույթ դարձած հանդիպումները բուհերի ուսանողադասախոսական կազմի հետ, նախարարի մեկնաբանմամբ, մեկ նպատակ են հետապնդում՝ հաշվետվությամբ ներկայանալ հասարակությանը, որի զավակներով է ի վերջո համալրվում հայոց բանակը: Պաշտպանության նախարարի բուհական հանդիպումների օրվա կանգառը Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էր: Անկախության առաջիկա տոնի առիթով Սեյրան Օհանյանն այսօր պատվոգրերով ու մեդալներով պարգևատրել է մի խումբ համալսարանականների։
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացած հանդիպմանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր նախ հավաստիացրեց՝ հայկական ԶՈւ- երը տեղում չեն դոփում: «2014-ին շարունակվել են բարեփոխումները առաջին հերթին սահմանային պաշտպանությունն առավել ուժեղ ու անվտանգ դարձնելու համար: Քանի դեռ մեր հարևանի հետ չունենք խաղաղության լիարժեք պայամանգիր, պարտավոր ենք խրամատներում ունենալ անձնակազմ, որն ամեն օր իր քաջագործություններով ապացուցում է՝ ինչպես պատերազմում է քննությունը հանձնել գերազանց, այնպես էլ այսօր իր առջև դրված խնդիրն իրականացնում է գերազանց»,- նշեց նախարարը։
«Բանակի գործունեությունը մենք փորձում ենք իրականացնել գիտելիքահեն սկզբունքի հիման վրա: Փորձել ենք ապահովել բանակի թափանցիկությունը, վիճակահանության միջոցով զորակոչի գործընթացում փորձում ենք ապահովել արդարության սկզբունքը»,- ասաց։
2014- ը, ըստ նախարարի, տարվա սկզբից իսկ առանձնացավ մեզ պարտադրված սահմանային լարվածությամբ: Սակայն զսպման մեխանիզմների միջոցով հայկական կողմին հաջողվեց թշնամուն ստիպել հրաժարվել անիմաստ գործղություններից, որ մարդկային կորուստների պատճառ են դառնում։