Քաղաքական

Հովհաննես Իգիթյան.«Ընդդիմության լոկոմոտիվը ԲՀԿ-ն է ու եթե նա միայնակ էլ մնա, ապա՝ ոչինչ չի փոխվի»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերին կայանալիք հանրահավաքը եւ այլ հանրահավաքներ եւս երբեւիցե սպառնալիք չեն եղել ՀՀԿ-ի համար: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ շեշտել է ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը: Նրա խոսքով՝ իշխանությունը հստակորեն ասում է, թե ինչ խնդիրներ է լուծում սահմանադրական փոփոխություններ առաջարկելով, մինչդեռ՝ դրան դեմ հանդես եկող ուժերի պատճառաբանությունները հիմնավոր չեն:Ներքաղաքական զարգացումների մասին այսօր խոսել են նաեւ Ազատ Արշակյանն ու Հովհաննես Իգիթյանը: 

Խորհրդարանական ոչ իշխանական քառյակից եռյակը որոշում կայացրեց հանրահավաք անցկացնել: ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հետաքրքիրն այն է համարում, որ եռյակն այդ հանրահավաքում հանդես կգա նաեւ քառյակի անունից, քանի որ խոսք է լինելու նաեւ այն 12 կետերի մասին, որոնք մշակվել են համատեղ ու կատարման համար ներկայացվել իշխանությանը: Ամեն դեպքում, ըստ Սուքիաս Ավետիսյանի, հանրապետականի վիճակը չի բարդացել ու չի վատանալու:

«Մեզ համար շատ ձեռնտու է առողջ, լավ ընդդիմություն ունենալ, որպեսզի մենք էլ շատ ավելի արդյունավետ աշխատենք»:

Հանրապետական պատգամավորն ասաց, որ որեւէ հանրահավաք ՀՀԿ-ի համար սպառնալիք չէ, ապա հավելեց, որ բոլոր հանրահավաքներն էլ ինքնին մտահոգիչ են, քանի որ հանրահավաքների ժամանակ հնչում են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ դիրքորոշումներ.

«Եթե խաղաղ հանրահավաքներ է արվում, խնդիր չկա: Բայց, ցավոք սրտի, մեկ-մեկ որոշ քաղաքական գործիչներ ոգևորվում են՝ տեսնելով մի քանի հարյուր մարդ»:

Նման դեպքերում էլ համապատասխան մարմիններն ունեն իրենց պատասխանատվությունը՝ հավելեց հանրապետական պատգամավորը:

Քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանն ասաց, թե իր համար շատ հետաքրքիր է՝ ովքեր կլինեն հանրահավաքի մասնակիցները՝ ոչ հարթակում. նա համոզված է, որ հասարակությանը հուզող առաջնային հարցերը ոչ 12 կետերն են, ոչ էլ սահմանադրական բարեփոխումները: Հանրահավաքին էլ Իգիթյանը մեծ կարեւորություն չի տալիս:

«Եթե հասարակության մեջ այդ քննարկումները չեն եղել, քաղաքական գործիչները ոչինչ անել չեն կարող»:

Իգիթյանի գնահատմամբ՝ քաղաքական կուսակցությունները չեն կարողանում հասարակության համար բերել լուրջ փաստարկներ իշխանությունների դեմ եւ երբեմն ընկնում են հասարակական շարժումների ետեւից: Հասարակության համար ամենակարեւոր հարցերը՝ ոչ իշխանական ուժերը չեն բարձրացնում՝ եզրահանգեց քաղաքական գործիչը:

Մեկ այլ գործչի՝ Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ ընդդիմության տեղը Հայաստանում բաց է, քանի որ չկա իշխանությանը ընդդիմադիր ընդդիմություն, այսինքն՝ չկա ընդդիմություն, որն առաջարկի իշխանությունից տարբերվող կոնցեպցիա.

«Ժամկետանց ծրագիր է առաջարկում ընդդիմությունը»:

Անդրադառնալով Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ հանրահավաքին չմասնակցելու որոշմանը՝ Հովհաննես Իգիթյանը նշեց, որ կա հիմնավոր պատճառ՝ անկախ նրանից ընդունելի է այդ պատճառը, թե ոչ, սակայն՝ դա տրամաբանական է ու դրանով հարցը փակվում է: Ըստ նրա՝ այսօր ընդդիմության լոկոմոտիվը ԲՀԿ-ն է ու եթե նա միայնակ էլ մնա, ապա՝ ոչինչ չի փոխվի դրանից, քանի որ, Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ, հարցերը նա կարող է լուծել նաեւ թե խորհրդարանում, թե իշխանության հետ բանակցելով:

Դաշնակցությանն առնչվող հարցին անդրադառնալով՝ հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ ապագան ցույց կտա, թե Դաշնակցության հետ ինչ համագործակցություն կլինի:

Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ իշխող կուսակցության ներկայացուցիչն ասաց, թե իրենք հստակ ասում են՝ ինչ խնդիր են լուծում դրանով, մինչդեռ՝ անհասկանալի են դրան դեմ հանդես եկող ուժերի պատճառաբանությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button