ԿարևորՀասարակություն

Հոգեւոր- եկեղեցական խնդիրները հրատապ լուծում են պահանջում

Հայ ժողովրդի հոգևոր- եկեղեցական կյանքում առկա  խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն, հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր մեկնարկած Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովին իր հայրապետական պատգամի ժամանակ։ Ժողովին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատվիրակները, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները:

Ժողովի օրակարգում են Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագիծը, թեմական կանոնադրության ուղենշային փաստաթղթի ներդրման գործընթացին վերաբերող հարցը։

Հայրապետական պատգամում Գարեգին Բ կաթողիկոսը շեշտել է, որ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրությունը հիմնված է եկեղեցական իրավունքի ու կանոնների վրա և չի սահմանափակում թեմերի իրավասություններն ու լիազորությունները: «Նախորդ տարիներին այս առումով հնչել են թյուր մեկնաբանություններ, դրսևորվել անհարկի կասկածամտություն, որոնք արդյունք են մեր Եկեղեցու կանոնական դրույթներին, ինչպես և առաջարկվող ուղենիշի սկզբունքներին անտեղյակության, նաև հարմարվողականության հոգեբանության և ամրագրված կարծրատիպերի: Մինչ օրս իրականացվել են բացատրական և տեղեկատվական  ընդգրկուն աշխատանքներ: Ներկայիս այլևս անհասկանալի և անընդունելի է որոշ թեմերում Թեմական կանոնադրության ուղենիշի որդեգրման գործընթացի անավարտ վիճակը, և հարկ է պատշաճ նախանձախնդրություն դրսևորելովª մոտ ժամանակներում ավարտին հասցնել աշխատանքները»,- ասել է Հայոց հայրապետը։

Թեմական- համայնքային կյանքի մասին
«Անհրաժեշտ ուշադրություն պետք է դարձվի  նաև այն իրողությանը, որ թեմական-համայնքային մեր կյանքը մեծ ազդեցություն է կրում մեր ժողովրդի տեղաշարժերից: Համայնքները համալրվում են նոր անդամներով, սակայն տարիներ շարունակ ընթացող այս փոփոխությունները չեն արտացոլվում թեմական կառույցների գործունեությունից ներս: Առկա է համայնքի անդամների անհամաչափ ներգրավվածություն թեմական գործընթացներում: Կարող ենք արձանագրել, որ հաճախ թեմի տարածքում բնակվող հայորդյաց թվի համեմատ բավական նվազ է հոգևոր-եկեղեցական կյանքին,  միջոցառումներին ու ձեռնարկներին նրանց մասնակցությունը: Այս խնդիրների առջև անհրաժեշտ է առավել զորացնել քարոզչությունը, հոգեխնամ առավել ընդգրկուն գործունեություն ծավալել, Եկեղեցու գործուն անդամների շարքերում ներգրավել թեմի կամ ծուխի հոգևոր իրավասության ներքո ապրող և դեռևս եկեղեցական կյանքին միայն մասնակիորեն հաղորդակցվող հայորդյաց: Սփյուռքում շարունակում են մտահոգող մնալ նոր սերնդի ազգային գիտակցության պահպանման, մայրենի լեզվի իմացության ու գործածության, խառն ամուսնությունների մարտահրավերները: Անհրաժեշտ է նոր ծրագրեր իրագործել` երիտասարդներին ազգայինի ծիրից ներս պահելու, հոգևոր և ազգային արժեքներով դաստիարակելու և կրթելու ուղղությամբ»։

Գլոբալացման մասին
«Մեր օրերի աշխարհայնացման ընթացքները, բարոյական ընկալումների հաճախակի աղավաղումը, հասարակության կյանքում քրիստոնեության ունեցած կարևոր դերի գիտակցման նվազումը ավերիչ ներգործություն են ունենում նոր սերնդի աշխարհընկալման ու հավատքի հարցերում: Արդարև, յուրաքանչյուր թեմում ունենք եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպություններ, Մայր Աթոռի հովանու ներքո ստեղծվել է բոլոր թեմերից երիտասարդներ ընդգրկող Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց կազմակերպությունը, գործում են կիրակնօրյա դպրոցներ, Հայորդյաց տներ: Կատարված աշխատանքներով հանդերձ` հարկ է մեծ ջանքեր ներդնել Հայաստանում և Սփյուռքում մեր Սուրբ Եկեղեցու առաքելության մեջ երիտասարդներին լայնորեն ներգրավելու, նրանց հոգևոր-կրոնական գիտելիքները, հավատքն ու նախանձախնդրությունը զորացնելու համար»։

Ցեղասպանության 100- րդ տարելիցի մասին
«Առաջիկա տարի ազգովի նշելու ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Խնկարկելու ենք մեր նահատակների հիշատակի առջև` ամրանալով մեր կամքի ու հավատի մեջ` արդար ավարտի հասցնելու մեր դատը: Մեծ տարելիցը ջանալու ենք դարձնել ազգային մեր կյանքի զորացման և Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ազդակ ու հանգրվան: Այս առիթով մեր Եկեղեցին պիտի կատարի մեր անմեղ զոհերի սրբադասումը: 2015 թ. Սուրբ Էջմիածնում կատարելու ենք նաև սրբազան Մյուռոնի օրհնություն` ի մխիթարություն մեր ժողովրդի և ի զորացում մեր հավատքի ու քրիստոնեական արժեքների, մեր ժողովրդի միասնականության և Մայր Աթոռի ու Մայր հայրենիքի շուրջ համախմբման»։

Հայապահպանության, ԼՂ եւ Մերձավոր Արեւելքի մասին
«Սիրելիներ, քաջ գիտեք, որ մեր Սուրբ Եկեղեցու փրկարար առաքելության անբաժան մասն է հայապահպան և հայրենաշեն գործունեությունը, որի իրականացմանը Աստծո օրհնությամբ իրենց նպաստն են բերում աշխարհասփյուռ մեր թեմերի բազում հավատավոր հայորդիներ: Մեր ժողովրդի հոգում անքակտելիորեն կապված են հավատքի եռանդը և հայրենիքի սերը, որոնք միշտ արթուն ու վառ պիտի պահպանենք: Անտարակույս է, որ մեր լուսավոր ապագան պիտի կերտենք հայրենի պետականության ամուր հիմքերի վրա: Ազգային պետականությունն է այն բարեբեր հողը, որի վրա ժողովուրդները բացահայտում և դրսևորում են իրենց հոգևոր ներուժը, կայանում իրենց ինքնությամբ, կյանքի կոչում իրենց իդեալները: Ներկայիս մեր հայրենիքը անկախության երկու տասնամյակների ձեռքբերումներով հանդերձ` կանգնած է նաև տնտեսական, սոցիալական խնդիրների ու դժվարությունների, քաղաքական մարտահրավերների առջև։ Վերջին ամիսներին Արցախի և Հայաստանի սահմաններում հրադադարի խախտման բազմաթիվ դեպքերը վկայեցին, թե որքան անկայուն է խաղաղությունը: Մեր ժողովրդին հուզում են արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման, Հայաստանի անօրինական շրջափակման վերացման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հիմնախնդիրները, Մերձավորն Արևելքում, Սիրիայում, Իրաքում և Ուկրաինայում հակամարտության մեջ հայտնված մեր համայնքների, հայորդիների խնդիրներն ու դժվարությունները, որոնց մասին մեր Եկեղեցին բարձրաձայնում է միջեկեղեցական ատյաններում, դրանց միջոցով իր ձայնը լսելի դարձնում պետությունների, միջազգային կազմակերպությունների պատասխանատու այրերին, ինչպես և մշտահունչ հորդորում ու քաջալերում է համայն հայությանը` միասնական ուժերով լուծելու ազգային հիմնախնդիրները: Ներկայացուցչական այս ժողովը կոչված է նաև խորհելու և քնննարկելու Հայրենիքին սատարելու, համազգային կյանքում առկա խնդիրները լուծելու վերաբերյալ այն ծրագրերն ու առաջարկները, որոնք կարող ենք իրականացնել մեր Սուրբ Եկեղեցու և եկեղեցական կառույցների միջոցով»։

Ցուցադրել ավելի
Back to top button