Վերլուծական

Կկայանա՞ Անգլիայի եւ Շոտլանդիայի պատմական ապահարզանը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Կգրանցվի՞ արդյոք  պատմական ապահարզան Անգլիայի ու Շոտլանդիայի միջև կպարզվի վաղը՝ վաղ առավոտյան։ Մինչ այդ հնչում են կանխատեսումներ հնարավոր արդյունքների մասին: Թեև վերջնական արդյունքը խիստ մշուշոտ է անգամ բրիտանացի վերլուծաբանների համա։ «Եթե Անգլիայից արտաքսեին շոտլանդացիներին ու ահաբեկեին նրանց կանանց , իսկ Շոտլանդիայից արտաքսեին անգլիացիներին, ապա պարզ կլիներ հանրաքվեի արդյունքը: Բայց այս դեպքում դժվարանում եմ ասել, քանի որ այլ իրավիճակ է»,- ասում է վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյան։

Մինչ արդյունքների հրապարակումը Հայաստանում քննարկվում է հարցը, թե ինչպիսի, թեկուզ և չնչին ազդեցություն կարող է ունենալ Շոտլանդիայի հանրաքվեն ղարաբաղյան խնդրի լուծման վրա:  Քաղաքագետը  համոզված է՝ եթե անգամ Շոտլանդիան անկախանա, միևնույնն է Ղարաբաղի անկախությունը դրանով չի ճանաչվի։

«Անկախությունը չեն տալիս, դրան հասնում են ու ճանաչում որոշ դեպքերում: Օրինակ՝ եթե ենթադրենք՝ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը, Ղարաբաղի անկախությունը կճանաչի նաև միջազգային հանրությունը: Այլ է Շոտլանդիայի դեպքում։ Մեծ Բրիտանիային թեև դուր չի գալիս Շոտլանդիայում անցկացվող հանրաքվեն, սակայն պատրաստ է ընդունել արդյունքը, ինչպիսին էլ այն լինի»։

Առհասարակ՝ զուգահեռներ պետք չէ անցկացնել Շոտլանդիայի  հանրաքվեի ու Արցախի անկախության ճանաչման միջև, քանի որ մենք գործ ունենք ոչ թե Բրիտանիայի պես երկրի, այլ՝ Ադրբեջանի հետ։ Բացի այդ՝ Շոտլանդիան անկախանալ է ուզում ավելի քան 300 տարի, այդուհանդերձ՝ արդյունքը կանխատեսել դժվար է:

Մեզ համար ավելի հետաքրքիր են այլ դեպքեր, ինչպես օրինակ Կոսովոն, Թայվանը, այսինքն այն երկրները, որոնք  անկախանում են երկրներից առանց վերջինների համաձայնության, նկատեց քաղաքագետը, ավելացնելով՝  «աշխարհում սկիզբ առած անկախացման գործընթացները ոչ թե լավ ապրելու,  նյութական բարեկեցության հասնելու, այլ ինքնուրույն լինելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու նպատակ է հետապնդում։

Ցուցադրել ավելի
Back to top button