Հասարակություն

Կիբեռհանցագործության 103 դեպք՝ մեկ տարվա ընթացքում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ միասին, զարգանում են նաեւ հանցագործությունների տեսակները: Այդպես օրինակ՝ կիբեռհանցագործությունների, այսինքն՝ համակարգչային տեխնիկայի կիրառմամբ իրականացվող հանցագործությունների թիվը տարեցտարի աճում է, աճում է նաեւ այդ նպատակով ոստիկանություն դիմողների եւ բացահայտումների դեպքերը: Այս առումով թիրախային խումբ է համարվում սոցիալական ցանցերից ակտիվ օգտվողները: Կիբեռհանցագործությունների վիճակագրությունը այսօր լրագրողներին է ներկայացրել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը: Անցած մեկ տարվա ընթացքում արձանագվել է կիբեռհանցագործության 103 դեպք:

Կիբեռհանցագործությունների առումով այսօր Հայաստանում ամենախոցելին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցն է: Հենց այդ ցանցի միջոցով է կազմակերպվել կիբեռհանցագործությունների զգալի մասը, թեեւ այլ սոցիալական ցանցերը նույնպես օգտագործվում են հանցագործների կողմից: Համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հիմնականում իրականացվում է շորթում, խարդախություն, պորնոգրաֆիական նյութերի տարածում: Հայաստանի կիբեռհանցագործներն արդեն ունեն իրենց ձեռագիրը: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանի ներկայացմամբ համակարգչային հանցագործները մոտավորապես գործում են այսպես.

«Դրանցից մեկն է գործարար նամակագրության միջամտելը: Հանցավորը հասանելիություն ստանալով այդ էլեկտրոնային նամակների բովանդակությանը ստեղծում է նմանակ էլեկտրոնային փոստի հասցեներ եւ ինքն է արդեն սկսում նամակագրություն վարել երկու կողմի հետ: Երբ հերթը հասնում է գործարքի ավարտին, տրամադրում է իր հաշվեհամարը եւ եւ գումարները փոխանցվում են հանցագործի հաշվեհամարին: Մեկի այլ ձեւէ սիրախաղի միջոցով փողի հափշտակությունը: Զոհերը հիմնականում ընտրվում են սոցիալական ցանցերում, 30 տարեկանից բարձր տարիք ունեցող կանայք են: Հանցավողրը սկսում է սիրային նամակագրություն վարել տվյալ անձի հետ: Ինչ որ մի պահ հայտնում է, որ թանկարժեք նվերով ծանրոց է ուղերկել: Իսկ որոշ ժամանակ անց այդ զոհի հետ կապ են հաստատում իբր մաքսային ծառայության աշխատակիցները խնդրում են մաքսազերծման համար որոշակի գումար փոխանցել ինչ որ հաշվի»:

Սոցիալական ցացերի եւ «Սկայպ»  համակարգի միջոցով բացահայտվել է նաեւ իրականացված երկու անառակաբարո երեւույթ:

«Մի դեպքով հանցագործի համակագչի զննությամբ հայտնաբերվեցին շուրջ 800 պորնոգրաֆիական բնույթի տեսանյութեր, որոնցից 250-ը՝ ըստ փորձագիտական եզրակացության, հանդիսանում է մանկական պորնոգրաֆիա պարունակող նյութեր: Մեկ այլ դեպքում, ցավով պետք է փաստեմ, որ հենց հանցավողրը աշխատում էր մի ոլորտում, որը ենթադրում է երեխաների հետ աշխատանք: Այսինքն՝ զբաղեցնում էր երեխաներին մի կազմակերպության շրջանակներում որպես օրինական աշխատանք»:

Համակարգչային հանցագործությունից խուսափելու համար իրավապահները խորհուրդ են տալիս գործնական պայմանավորվածությունների դեպքում հույսը չդնել միայն նամակագրության վրա՝ կարելի է նաեւ հեռախոսազրույց ունենալ վերջնական պայմանավորվածությունից առաջ: Ծնողներն՝ իրենց հերթին նաեւ պետք է իմանան, թե երեխան համակարգչից օգտվելիս ինչ կայքերից է օգտվում եւ ինչ նպատակով:

Իրավապահներն իրենց հերթին համագործակցում են միջազգային շրջանակներում գործընկերների հետ, մշտադիրակում են սոցիալական ցանցերը, բայց ակնարկում՝ ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում: Սա ի պատասխան հարցի՝ տիրապետում են որոշ գաղտնաբառերի, թե՞ ոչ: Ի դեպ՝ իրավապահները նշում են, որ կիբեռհանցագործության համար այսօր Հայաստանում պատիժները թույլ են՝ մինչեւ 3 տարվա ազատազրկում: Արդեն մշակվել է խստացումների նախագիծը, որը Դատախազությունը պետք է ներկայացվի Աժ-ին, բայց ժամկետները դեռ պարզ չեն:

Back to top button