Տնտեսական

Այսօր Կառավարությունում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Արարատյան դաշտավայրի, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում պաշտոնապես կհայտարարվի սակավաջրություն

Արարատյան դաշտավայրի, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում պաշտոնապես կհայտարարվի սակավաջրություն: Հայաստանի որևէ տարածքում սակավաջրություն հայտարարվում է ՀՀ կառավարության որոշմամբ և գործադիրի առաջիկա նիստում նման իրավական ակտ կընդունվի: Համապատասխան նախագիծը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին կհանձնարարվի ապահովել Արարատյան դաշտավայրի, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում խմելու և ոռոգման նպատակով նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պետք է անհրաժեշտ քայլեր կատարի, որպեսզի Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ներդնեն կիսափակ ջրամատակարարման համակարգեր: Այս խնդրի լուծման նպատակով կատարված քայլերի և դրանց արդյունքների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարը պետք է տեղեկատվություն ներկայացնի ՀՀ կառավարությանը՝ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ հանձնարարություն կստանա ՀՀ կառավարությանը տեղեկատվություն ներկայացնել Արարատյան դաշտավայրի, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում, օդերևութաբանական վերլուծության արդյունքների և երաշտի նախապայմանների վերաբերյալ: Որոշման նախագծին կից հիմնավորումների համաձայն ստեղծված իրավիճակի պատճառը հանդիսացել է այն փաստը, որ Ախուրյան, Հրազդան, Սևջուր և Քասախ գետերում գարնանային վարարումների ծավալները և առավելագույն ելքերի մեծություններն այս տարի եղել են միջին նորմայի 40-50 տոկոսների սահմաններում:

Ինչպես սահմանամերձ գյուղերի բնակիչներին ազատել հողի եւ գույքի հարկերից. գործադիրի 4 առաջարկները

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված «Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարության համար ընդունելի կլինի, եթե հեղինակի կողմից ընդունվեն փաստաթղթի վերաբերյալ գործադիրի չորս առաջարկները: Համապատասխան նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Այն հանգամանքը, որ պետական բյուջեից անհրաժեշտ է լրացուցիչ գումարներ հատկացնել սահմանամերձ գյուղերին օգնելու համար, կառավարությունը ոչ վիճարկում է և ոչ էլ ժխտում կամ դրա դեմ առարկում: Օրենսդրական նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծի չորս կետերից երեքով առաջարկվում է փաստաթղթում խմբագրական բնույթի փոփոխություններ կատարել:

Միակ սկզբունքային առաջարկը վերաբերվում է սահմանամերձ գյուղերի բնակչությանը հողի եւ գույքի հարկից ազատելու խնդրի լուծմանը: ՀՀ կառավարությունն առաջարկում է բնակչությանը ոչ թե ազատել հարկեր վճարելուց, ինչպես առաջարկում էպատգամավորը, այլ՝ կողմ է. Որ հարկերը պետության կողմից փոխհատուցվեն: Այս դեպքում էլ սահմանամերձ գյուղերի բնակիչները հարկեր վճարելուց գործնականում կազատվեն, քանի որ կառավարությունը պարտավորված կլինի նրանց փոխարեն վճարել այդ գումարները: Գործադիրը իր առաջարկը բացատրում է այն հանգամանքով, որ փոխհատուցելու դեպքում սահմանամերձ համայնքների բյուջեները չեն տուժի, քանի որ հողի և գույքի հարկերի մի մասը գտնում է տեղական բյուջե: Եթե բնակչությանը պարզապես ազատեն այդ հարկերը վճարելուց, ապա համայնքների բյուջեները եւս դրանից կտուժեն: Իսկ կառավարության կողմից փոխհատուցելու դեպքում, համայնքը պետբյուջեից կստանա հարկերի իրեն հասանելի մասը, մնացած մասը պետբյուջեից մի հաշվից կտեղափոխվի մյուս հաշվին, այլ կերպ ասած գումարը կառավարության մի գրպանից կտեղափոխվի մյուսը:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկը կառավարությանը

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն ուսումնասիրել ու այսօր կառավարությանն առաջարկելու է չեղյալ համարել կառավարության՝ 2002թ ընդունված «Առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպիչների կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու մասին» որոշումը: Նախագծի անհրաժշետությունը բացատրվում է որդեգրած քաղաքականությամբ՝ կրճատել, պարզեցնել մասնավորապես, տնտեսապես ոչ արդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ ընթացակարգերը: Այսպիսով, նախագծի ընդունման դեպքում «Առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպչի կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու գործընթացի կրճատման արդյունքում տնտեսվարող սուբյեկտների ծախսերը կնվազեն 4 860 000 ՀՀ դրամով կամ կարգավորման հետ կապված ծախսերը կնվազեն 100 տոկոսով:

 

Ցուցադրել ավելի
Back to top button