Տնտեսական

Փորձագետ.«Արեւմուտքի ու ՌԴ միջեւ փոխադարձ պատժամիջոցների բացասական աղդեցությունը ՀՀ տնտեսության վրա անխուսափելի է»

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ փոխադարձ պատժամիջոցների բացասական աղդեցությունը Հայաստանի տնտեսության վրա անխուսափելի է: Նրանք, ովքեր այդ դիտարկմանը չեն, պարզապես կրթվելու կարիք ունեն: Այս համոզմանն է կառավարման փորձագետ Հարությունը Մեսրոբյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտել է՝ աշխարհում սկիզբ առած լուրջ տատանումներին պատրաստ լինելու համար Հայաստանի տնտեսությունը հրատապ մոբիլիզացնել է պետք: Մեր երկրի տնտեսության մեջ վերջին միտումների շուրջ այսօր իր անհանգստությունն է հայտնել նաեւ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Մեր երկրին, ըստ նրա, եթե անգամ հաջողվի հասնել կանխատեսված տնտեսական աճին, ապա դա կլինի խիստ մեծ դժվարությամբ: 

20-րդ դարն էլ սկսվեց սաստիկ ցնցումներով, ու մինչ այսօր հայերը խոսում են նախորդ դարասկզբի մեր սարսափելի կորուստներից: Այսօր էլ աշխարհը ցնցում է ապրում, ու դա մեզ պարտադրում է պատրաստ լինել հնարավոր հանկարծակի բոլոր փոփոխություններին. շեշտում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ գնալով սաստկացող տարաձայնությունների մասին ,,կանցնի կգնա,, ասել չենք կարող, աշխարհն արդեն միաբեւեռից երկբեւեռի է փոխվում, ու սկիզբ առած ցնցումները երկարատեւ ու ծանր գործընթաց են խոստանում. Կանխատեսում է Մեսրոբյանը:

«Եթե ծովը թափ է տալիս, իսկ մենք քարկտիկ են խաղում, ուրեմն մենք խեղդվելու ենք»:

Երբեմն հնչող դիտարկումներին, թե Ռուսաստանի տնտեսության մեջ անկումային միտումները Հայաստանի վրա չեն անդրադառնա, Հարություն Մեսրոբյանը հեգնանքով է արձագանքում: Նա դա տարրական գրագիտության հարց է համարում, «անհնարին է բացասական ազդեցությունից զերծ մնալ» վստահ է: Առաջին ու ամենաանհրաժեշտ բանը, որ այս պարագայում պետք է անի Հայաստանը, սեփական ոտքերի վրա կանգնել փորձելն է: Եվրասիական Միությանն անդամակցությանը  կառավարման փորձագետը դեմ է նույնքան, որքան ցանկացած այլ կազմակերպության անդամ լինելը: Խաբեցին Հայաստանին, թե անտեսեցին Եվրասիական Միության մեջ ընդգրկելը, թե դա դեռ հետաձգվում է. Մեսրոբյանն այս հարցերին երկրորդ աստիճանի կարեւորություն է վերագրում, Նժդեհի խոսքը մեջբերում՝ քաղաքական մուրացկանության պետք չէ գնալ: Առաջնահերթն, ըստ նրա,

«Հայաստանն ընդհանրապես պետք է մտքից հանի ինչ-որ ուժերի փեշի տակ մտնելը»:

Հարություն Մեսրոբյանն անդրադարձավ նաեւ դիտարկումներին, թե Ռուսաստան այլ երկրներից ներկրման սահմանափակումները կարող են նոր դռներ բացել հայ արտահանողների առջև: Դա ճիշտ է, բայց միայն տեսականորեն. ասում է կառավարման փորձագետը: Նրա բնորոշմամբ՝ անորակ պետական կառավարման համակարգը չի կարող որակյալ օգուտ քաղել փոփոխվող իրավիճակից:

«Կաղը վազքի ռեկորդ սահմանել չի կարող շատ պարզ պատճառով՝ նա կաղ է»:

Հայաստանի տնտեսության մեջ առկա միտումները մտահոգիչ է համարում նաեւ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Վտանգի գոտում են ոչ միայն հայ -ռուսական համատեղ՝ հազարավոր ձեռնարկությունները, այլեւ հարյուր հազարավոր հայ միգրանտները, որոնք Ռուսաստանում են աշխատում, շինարարության ու առեւտրի ոլորտներն էլ հատկապես խոցելի են: Տրանսֆերտներն իրենց հերթին են կրճատման ռիսկի տակ: Խոշոր նախագծերը կտուժեն: Ու ամենեւին կապ չունի այն, որ Արեւմուտքի ու ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներն ուղղակիորեն Հայաստանի դեմ չեն ուղղված: Վիլեն Խաչատրյանը տնտեսագիտական եզրույթով է բացատրում՝ տնտեսությունների փոխկապվածության ու փոխանցման մեխանիզմով մենք հարվածի տակ ենք ընկնում: Այս ամենին գումարած համաշխարհային տնտեսական ոչ այնքան բարենպաստ միտումները, ու համագումարում, ըստ տնտեսագետի, ստացվում է, որ Հայաստանը կանխատեսված տնտեսական զարգացման նվազագույն շեմն անգամ դժվարությամբ կհաղթահարի:

«Երկուսից երեք տոկոսանոց աճը մեզ մոտ կլինի ռեալ, իսկ ավելի բարձր աճ կարող է գրանցվել միայն առավել արդյունավետ քաղաքականության անցնելու կամ կոնկրետ խոշոր նախագծեր իրականացնելու արդյունքում միայն»:

2014 թվականի համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն՝ Հայաստանը 6 կետով զիջել է իր դիրքը` 144 երկրի շարքում զբաղեցնելով 85-րդ տեղը, մինչդեռ նախորդ տարի Հայաստանը 148 երկրի շարքում 79-րդ-ն էր: Վիլեն Խաչատրյանը առանձնացնում է՝ ահռելի՝ 24 կետով հետընթաց ենք գրանցել աշխատուժի շուկայի արդյունավետության եւ 21 կետով` ֆինանսական շուկայի զարգացվածության ցուցանիշով: Սա նշանակում է, որ, առաջին, աշխատուժը կորցրել է իր որակական հատկանիշները՝ մրցունակ չէ, եւ հաջորդիվ՝ ֆինանսական շուկան ու բանկային համակարգն են թուլացել: Ընդ որում՝ եթե անկումը խոշոր՝ երկնիշ թվերով է, ապա առաջընթացը մի շարք ուղղություններով միանիշ է: Մի քանի կետով առաջընթաց ունենք ենթակառուցվածքների եւ բարձրագույն կրթության ոլորտներում, եւս 1 կետով՝ տեխնոլոգիական պատրաստվածության ցուցանիշում:

Ցուցադրել ավելի
Back to top button