Քաղաքական

Վերլուծաբան.ՍԴ բարեփոխումների հարցից տարաձայություններ կսկսվեն խորհրդարանական քառյակում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Սահմանադրական բարեփոխումների հարցը այն հիմնաքարն է լինելու, որից տարաձայություններ են սկսվելու խորհրդարանական քառյակում:Այսօր այսպիսի կանխատեսում է արել Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը: Նրա ներկայացմամբ՝ քառյակի հակափաստակները սահմանադրական բարեփոխումների դեմ նույնիսկ հիմնավոր եւ հասկանալի չեն իր համար: Դա այն դեպքում, երբ ընդդիմությունը նախկինում միշտ հաղթել է իշխանությանը հասարակությանը համոզելու գործում: Այսօր այդ գործը չի ստացվում, ասում է Սաֆարյանը: Սահմանադրական բարեփոխումների աշխատանքին իր ծառայությունները մատուցելու պատրաստակամություն է հայտնել է նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա նույնիսկ գիրք-հայեցակարգ է մշակել, որը պատրաստվում է հանձնել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին, թեեւ խիստ վիրավորված է հենց այդ հանձնաժողովից:  

Ընդդիմությունը չի կարողանա արդարացնել ընդդիմադիր զանգվածի սպասելիքները «թեժ աշուն» կոչվածի հետ: Իր այս կանխատեսումը Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը հիմնավորում է, թե խորհրդարանական քառյակում վաղ, թե ուշ հասունանալու են տարաձայությունները՝ հիմքում ունենալով սահմանադրական բարեփոխումները:

«Ըստ էության ընդդիմությունը շատ ավելի վատ է հիմնավորում, թե ինչու Սահմանադրական փոփոխությունները պետք չեն, շատ ավելի անհամոզիչ, քան իշխանությունն է փորձում հիմնավորել, թե ինչու են այդ փոփոխությունները պետք: Հիմա ուղղակի հայտարարել, որ չեմ ուզում, որ դա Սերժ Սարգսյանն անի՝ լուրջ չի, կամ հայտարարել, որ Սերժ Սարգսյանը ուզում է իր իշխանության վերարտադրության խնդիրը լուծի դրա համար չեմ մասնակցում՝ էլի լուրջ չի, որովհետեւ հասարակության մի հատվածն առնվազն պետք է ասի. գնա թույլ մի տուր, ոչ թե բոյկոտով»:

Քառյակի ուժերին հիմնականում միավորում են տակտիկական ընդհանրությունները, քան ռազմավարական խոշոր նպատակները, ասում է քաղաքական վերլուծաբանը:

«Բնականաբար, տարաձայնությունները միանշանակ սպասելի են լինելու: Չեմ տեսնում, որ աշնանը քառյակը կկարողանա գեներացնել այն պրոցեսները, որին սպասում է հասարակությունը: Դրա վրա ազդող գործող ոչ այնքան կարող եմ համարել իշխանության սարսափեցումը ոստիկանապետի շուրթերով, որքան որ նրանց բաժանող խնդիրները»:

Ստյոպա Սաֆարյանի համար նկատելի է եղել վերջին շրջանում քառյակում առկա ճգնաժամը՝ հենց սահմանադրական բարեփոխումների հետ կապված: Ամեն դեպքում քառյակը դեռ գործում է եւ Ստյոպա Սաֆարյանն աշնան համար կանխատեսում է ընդամենը մի քանի հանրահավաք, որն ըստ էության նմանվելու է հաշվետվության:

Ազգային Ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանն այսօր հստակ ասաց, թե ինչու է դեմ սահմանադրական փոփոխություններին՝ խորհրդարանական ղեկավարման համակարգի անցնելու դեպքում երեք իշխանությունների տարանջատումը վերանալու է: Քաղաքական գործիչը պնդում է, որ գտել է ժողովրդավարության բանաձեւը, դրա հիման վրա մշակել եւ հրատարակել է գիրք-հայեցակարգ, որն ուղարկելու է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին եւ կուսակցություններին: Պարույր Հայրիկյանի առաջարկներից է՝ ընտրությունների պարբերականության ավելացումը:

«Քաղաքացիների մասնակցությունը պետության կառավարմանը պետք է ավելացնել: Ամերիկայի պես հսկա պետության մեջ երկու տարին մեկ Ներկայացուցչական պալատը ամբողջությամբ ընտրվում է: Սենատը 1/3-ով թարմացվում է երկու տարին մեկ: Իսկ Հայաստանում չորս տարի էր դարձրել են 5 տարի, հիմա էլ նախագահի պոստն անգամ ուզում են դարձնել 7 տարի»:

Ի դեպ՝ Պարույր Հայրիկյանը վիրավորված է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից:

«Իրենց շատ անպարկեշտ են պահում Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Նա համարձակվեց հայտարարել, որ 98 թվականին ինքն էր իրականացնում Սահմանադրական բարեփոխումները: Այսպիսի բան ես չէի լսել: Մենք լավ հարաբերությունների մեջ ենք, բայց չհասկացա, նույնիսկ Հայրիկյանի կենդանության օրոք Հայրիկյանին թաղո՞ւմ եք: Ես պաշտոնապես գլխավորել եմ այդ հանձնաժողովը, ՍԴ-ից էլ երկու հոգի իմ ենթակաների մեջ էին՝ այդ հանձնաժողովի անդամ էին»:

Ամեն դեպքում Պարույր Հայրիկյանը պատրաստ է Սահմանադրական բարեփոխումների ոլորտում իր գիտելիքները ծառայեցնել նաեւ այս անգամ եւ ասում է, որ որեւէ պաշտոնի եւ աթոռի համար չի պայքարում:

Back to top button