Հասարակություն

Երեք գիտնականներ արժանացան Վիկտոր Համբարձումյանի 2014 թ. միջազգային մրցանակին (լրացված)

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր տեղի է ունեցել Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակի 2014 թվականի հաղթողներ են ճանաչվել ՝ Ֆելիքս Ահարոնյանը՝ առաջադրված  Իտալիայի  Լինչեի  ազգային ակադեմիայ կողմից, Ռուսաստանից՝  Իգոր Կարաչենցևը և  Բրենթ Թալին ՝ Միացյալ նահանգներից: Մրցանակը կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար և տրվում է երկու տարին մեկ անգամ: Նշված գումարից Ֆելիքս Ահարոնյանին հատկացվել է 250 հազար ԱՄՆ դոլար, իսկ  Իգոր Կարաչենցևին և   Բրենթ Թալիին՝ 125 հազարական դոլար: ԳԱԱ-ում տեղի ունեցած հանդիսավոր արարաողությանը մրցանակները հաղթողներին է հանձնել հանրապետության նախագահ  Սերժ Սարգսյանը: 

Աստղագիտության,  աստղաֆիզիկայի և հարակից  գիտությունների  բնագավառում Վ. Համբարձումյանի անվան  միջազգային մրցանակը սահմանվել է  ՀՀ նախագահի կողմից՝  2009 թվականին: Այն հանձնվում է  ցանկացած երկրի  և ազգության ականավոր  գիտնականների, ովքեր  նշանակալից  ներդրում ունեն գիտության մեջ:  Այսօր հայտնի դարձան  մրցույթի 2014 թվականի հաղթողների անունները:  Մրցանակի 500 հազար  դոլար  գումարից 250 հազարը հատկացվել է մեր հայրենակից Ֆելիքս Ահարոնյանին: Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ոլորտում  ներկայումս նա իր հետազոտություներն է իրականացնում Իռլանդիայում և Գերմանիայում:  Գիտնականն այսօր վստահեցրեց, որ մրցանակային գումարի զգալի մասը ներդնելու է գիտության զարգացմանը.«Գումարի մի մասը ես որոշել եմ հատկացնել ակադեմիայի գիտության զարգացման հիմնադրամին»:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014 թվականի մյուս մրցանակակաիրներն  են  Հավայան կղզիների  համալսարանի  աստղագիտական ինստիտուտի  գիտաշխատող, ամերիկացի Բրենթ Թալին և Ռուսաստանի  հատուկ աստղադիտարանի գիտաշխատող , ազգությամբ ուկրաինացի  Իգոր Կարաչենցևը: Երկու գիտնականներին հատկացվել է 125 հազարական դոլլար:

Իգոր Կարաչենցևն այսօր նշեց , որ  իր գիտական գործունեությունը սկսել է  Բյուրականի աստղադիտարանում, որտեղ  Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ  պաշտպանել է թեկնածուական  թեզ: «Դա մեծ դպրոց էր», -խոստովանեց գիտնականը, ով հիշեց  նաև, թե ինչպես իրեն ու  ռուսալեզու մյուս ասպիրանտներին  Համբարձումյանն այն ժամանակ ստիպել էր  հայերեն սովորել ու անգամ քննություն հանձնել : Այսօր էլ հայերեն ինչ որ բառեր դեռ հիշում է: ԳԱԱ-ում տեղի ունեցած հանդիսավոր արարաողությանը մրցանակները հասցեատերերին հանձնելիս  նախագահ  Սերժ Սարգսյանը նկատեց, որ երեք գիտնականներից յուրաքանչյուրն այս կամ այն կերպ առնչվում է հայկական աստղագիտությանը.

«Ֆելիքս Ահարոնյանն իր գիտական մկրտությունը ստացել է Հայաստանում և բազմիցս հանդիպումներ ու գիտական քննարկումներ է ունեցել Վիկտոր Համբարձումյանի հետ: Իգոր Կարաչենցևը նույնպես իր գիտական գործունեությունը սկսել է Հայաստանում և Վիկտոր Համբարձումյանի աշակերտներից է: Բրենթ Թալին այն հազվագյուտ ամերիկյան գիտնականներից է, ով խորհրդային տարիներին այցելել է մեր երկիր, իսկ այսօրվա այցելության համար նա կտրել անցել է մեր մոլորակի գրեթե կեսը` Հավայան կղզիներից մինչև Հայաստան: Հուսով ենք, որ մրցանակները ստանալուց հետո էլ նրանք ավելի մեծ եռանդով կշարունակեն իրենց գիտական գործունեությունը՝ նպատակ ունենալով բարելավել աշխարհում կյանքը: Եթե գիտնականի նպատակը, գիտության նպատակն այս կարևորագույն խնդրի հետ չի համընկնում, ապա այդպիսի գիտությունը, թերևս, մարդկությանն այնքան էլ պետք չէ»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ շատերը հարցնում են, թե այդ ինչպես է, որ աշխարհի մասշտաբներով փոքրիկ երկիր Հայաստանը սահմանել է այսպիսի խոշոր գիտական մրցանակ: «Լինելով երիտասարդ պետություն՝ Հայաստանն ամենադժվարին պահերին էլ, ներկայումս էլ, շարունակում է կարևորել գիտության զարգացումը, շարունակում է իր ուրույն տեղն ունենալ գիտական աշխարհում: Այս ամենի հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ դեռևս շատ անելիքներ կան մեր երկրում գիտնականի արդյունավետ աշխատանքն ու արժանավայել կյանքն ապահովելու, գիտական հիմնարկները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու, երիտասարդ կադրերի ներհոսք ապահովելու, և ընդհանրապես գիտության զարգացման ուղղությամբ մենք դեռևս շատ անելիքներ ունենք»,-նշեց Սերժ Սարգսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button