Քաղաքական

ՆԱՏՕ- ի ուելսյան գագաթաժողովը Հայաստանի համար արդյունավետ էր

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Վերջերս կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը կարևոր դեր խաղաց ինչպես մեր երկրի և դաշինքի միջև հարաբերությունների ամրապնդման գործում, այնպես էլ դրական անդրադարձ ունեցավ Հայաստանի միջազգային վարկի վրա, ինչի մասին նշվել է այսօր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ կազմակերպված քննարկման ժամանակ։

Սեպտեմբերի 4- 5 Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգի հարցերը թեպետ անմիջապես չէին վերաբերվում Հայաստանին և Հարավային Կովկասին, այնուամենայնիվ, մեր երկրի համար այն արդյունավետ անցավ: Աֆղանստանում և Կոսովոյում Հայաստանի մասնակցությունը Հյուսիս- ատլատյան դաշինքի խաղաղապահ գործողություններին, ինչպես նաև ՆԱՏՕ- Հայաստան Գործողությունների արդեն չորրորդ ծրագրի իրագործման ընթացքը լավատեսություն են ներշնչում, խոստովանեցին Հայաստանում Մեծ  Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչը և Վրաստանում դաշինքի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյուն։

Հայաստանի բարձր մակարդակով ակտիվ մասնակցությունը ուելսյան հավաքին և կայացած հանդիպումները միանշանակ բխում էին Հայաստանի շահերից, նկատեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Ըստ նրա՝ Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը չի կարող հակասել մեր երկրի՝ Մաքսային միությանը սպասվող անդամակցությանը։

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը նպաստում է նաև Հայաստանի զինուժի կատարելագործմանը, մասնավորապես, պաշատապանության և անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակում։ Պատգամավորը խոսեց ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան մեկ բրիգադի կազմավորման աշխատանքների մասին՝ հատուկ ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող գործողություններում փոխգործակցության ապահովման տեսանկյունից:

Հայաստանի մասնակցության առումով ՆԱՏՕ-ի գագաթաժողովը դրական գնահատեց և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը։ Բանախոսը նկատեց, որ ՆԱՏՕ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է լուծվի ղարաբաղյան խնդիրը, և այս առումով ողջունելի է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի փորձը ձախողվեց:

Ցուցադրել ավելի
Back to top button