ԿարևորՔաղաքական

ՀՅԴ- ն չի մասնակցի քառյակի միասնական հանրահավաքին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ոչ իշխանական խորհրդարանական ուժերի համատեղ հանրահավաքը կկայանա  հոկտեմբերի 10-ին, բայց դրան Հայ հեղափոխական դաշնակցությունը չի մասնակցի, այսօր ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը քառյակի հերթական նիստից հետո։ Պատճառը սահմանադրական բարեփոխումների հարցում  տարաձայնություններն են:  Դաշնակցությունը քառյակի միակ ուժն է, որը պաշտպանում է բարեփոխումների առաջարկը։ Նաիրա Զոհրաբյանը հորդորել է  սա քառյակի տրոհում չորակել և վստահեցրել է,  որ 4 ուժերի համագործակցությունն այլ հարցերի շուրջ շարունակվելու է: ՀՅԴ ներկaյացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ պարզաբանել է. դժվար էր պատկերացնել անհամատեղելի մոտեցումներով համատեղ հանրահավաքի անցկացումը:

Քառյակի այսօրվա նիստում 3 հիմնական հարց է քննարկվել. համատեղ հանրահավաքի օրվա ու տեղի ընտրություն, հանրահավաքի օրակարգ և մարզային հանրահավաքներ: Որոշվել է, որ համատեղ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում, բայց դրան կմասնակցեն ոչ իշխանական 4 ուժերից 3-ը։ «Դաշնակցության մեր հարգարժան գործընկերները չեն մասնակցի միասնական հանրահավաքին այն հիմնավորմամբ, որ կան էական տարակարծություններ այնպիսի լրջագույն հարցի վերաբերյալ, ինչպիսին սահմանադրական փոփոխություններն են»։

Իսկ սահմանադրական բարեփոխումների թեման, ըստ Զոհրաբյանի, հանրահավաքին շրջանցվել չէր կարող: Ու քանի դաշնակցության ու մյուս 3 ուժերի  մոտեցումներն այս հարցում անհամատեղելի են, համատեղ մասնակցություն ակնկալելն անտրամաբանական կլիներ: ՀՅԴ-ն չի մասնակցի նաև մինչ  հանրահավաքը նախատեսվող մարզային հանդիպումներին։ Դրանց ժամանակացույցը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, կկազմվի առաջիկա օրերին։

Ոչ իշխանական ուժերը  հանրահավաքին կներկայացնեն նաև իրենց ընդհանուր գնահատականը ավելի վաղ  իշխանություններին ներկայացված 12 պահանջների կատարման վերաբերյալ: Սա կանի եռյակը, բայց ՝ քառյակի անունից:

Թեև սահմանադրականի հարցում քառյակն արդեն եռյակ է, բայց հույս կա, որ  կլինեն հարցեր, որոնցում  քառյակը նորից որպես  քառյակ կներկայանա: Սա կոալիցիա չէ, այլ չորս քաղաքական ուժի համագործակցություն, որը «մենք ի սկզբանե ասել ենք, որ քառյակը քառյակ է, երբ 4 քաղաքական ուժեր կոնկրետ հարցի վերաբերյալ ունեն կոնսենսուս, ունեն միասնական դիրքորոշում:  Սա կոալիցիա չէ, սա 4 ուժերի համագործակցություն է: Որ հարցերի վերաբերյալ քաղաքական ուժերից քանիսն ունեն համաձայնություն, այդքանով էլ փորձում ենք կյանքի կոչել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Տեսականորեն այդ համագործակցությունը չի բացառում նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատկերացնելով օրինակ հետևյալ իրավիճակը. «Իրենք կարող են ոչ-ի քարոզչությամբ զբաղվել, մենք այո-ի, բայց «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում կրկին միասին հանդես գանք»։

Իսկ սահմանադրական բարեփոխումների հարցը դաշնակցության համար առաջնային է և ինքնանպատակ չէ, ասում է Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ-ն քառյակի ուժերին առաջարկում էր միասնական փաթեթ մշակել ու ներկայացնել սահամանադրական փոփոխությունների՝ քառյակի համար  ընդունելի տարբերակը։ Առաջարկը, փաստորեն,  ոչ իշխանական մյուս ուժերը չեն պաշտպանել:

ՀՅԴ_ն մեկ այլ առաջարկ էլ արել է՝ սպասել մինչև հոկտեմբերի 15-ը, հետո հանրահավաք անել։ Այդ դեպքում հստակեցված կլինի նաև դաշնակցության դիրքորոշումը: Հիշեցնեմ, որ մասնագիտական հանձնաժողովի անդամները խոստանում են սահմանադրական բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակը հրապարակել հոկտեմբերի կեսին։ «Մենք առաջարկել ենք նաև, որ եթե ուզում ենք նույն դաշտում գտնվելու  հարցը ավելի հստակ դարձնել , պետք է հանրահավաքը անցկացնենք հոկտեմբերի 15-ից հետո, որովհետև միայն վերջնական փաթեթը տեսնելուց հետո մեր մոտեցումն ավելի պարզ կդառնա, երբ կտեսնեն՝ մեր առաջարկներն այնտեղ արտացոլված են, թե ոչ»:

Դաշնակցության այս առաջարկն էլ փաստորեն քառյակում աջակցություն չի գտել: Իսկ արդյո՞ք տարաձայնությունները քառյակում  և սահմանադրական բարեփոխումներին կողմ դիրքորոշումը կարող են առիթ դանալ քաղաքական մեծամասնության հետ կոալիցիա ձևավորելու համար։ «Բացարձակապես: Կոալիցիա կազմելու մասին հստակ ասել ենք. մենք 7 կետ են առաջադրել, և քանի դեռ դրանց լուծման հարցում իշխանությունների հետ ընդհանուր համաձայնություն չունենք, մենք որևէ կոալիցիայի մաս կազմելու  խնդիր այս պահին չենք դրել և չենք էլ դնի»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը։

Ի դեպ՝ անցումը կառավարման  խորհրդարանական համակարգին դաշնակցության 7 առաջարկներից մեկն է:

Ցուցադրել ավելի
Back to top button