Քաղաքական

Հայաստանն ու Սփյուռքը պիտի ձեւավորեն պահանջատիրության օրակարգ.Արա Պապյան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ցեղասպանության 100-րդ տարելիցը բացառիկ մի առիթ պիտի լինի հայության համար՝ հնչեցնելու իր քաղաքական պահանջները: Այս կարծիքին է «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը: Քաղաքագետը, սակայն, փոխանցելով իր տպավորությունը, մտահոգություն է հայտնել, որ այն սովորական տարելիցի նման է անցկացվում՝ միջոցառումների քանակական մեծացմամբ միայն: Նույնպիսի մտահոգություններով այսօր լրագրողների հետ կիսվել են նաեւ Սփյուռքում գործող որոշ կառույցների ներկայացուցիչներ: 

Ավելի շատ միջոցառումների անցկացմանը որեւէ մեկը դեմ չէ՝ ասում է Արա Պապյանը: Նրա գնահատմամբ, սակայն, այն հիմնական առանցքը, որի շուրջ պետք է ամեն ինչ ընթանար՝ կարծես ուշադրությունից դուրս է մնում.

«Այն է՝ մեր քաղաքական օրակարգի ձեւավորումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, առայժմ, չի հնչեցվում եւ ես մտավախություն ունեմ, որ դա չի հնչեցվի»:

Արա Պապյանի խոսքով՝ առաջիկայում սպասվող Հայաստան-սփյուռք 5-րդ խորհրդաժողովը հենց այն հարթակն է, որտեղ պիտի խոսվի այդ ամենի մասին: Քաղաքագետի խոսքով՝ ժամանակն է, որ Հայաստանի նախագահը հայտարարի հայ-թուրքական արձանագրություններից ստորագրության ետկանչի մասին, քանի որ հակառակ դեպքում, ըստ վերլուծաբանի, այն աշխատում է մեր դեմ: Բացի այդ, վերլուծաբանը կարծոմ է, որ Հայաստանն ու Սփյուռքը պիտի ձեւավորեն պահանջատիրության օրակարգ՝ հայտարարելով, որ ՀՀ-ն ոչ թե խորհրդային Հայաստանի, այլ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդն է, որը հանդիսացել է միջազգային իրավունքի սուբյեկտ:

« Այդ պարագայում հարցը գնում է ՀՀ տարածքների դեօկուպացիայի մասին՝ լինի դա Ադրբեջանի, լինի դա Թուրքիայի կողմից»:

Արա Պապյանի խոսքով՝ չպետք է մոռանալ հիմնական նպատակը եւ միջոցը դարձնել նպատակ, ինչը տվյալ պարագայում ցեղասպանության միջազգային ճանաչումն է: Նույնպիսի մտահոգություններ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխանցեցին սփյուռքում գործող որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սփյուռքահայ լրագրող Ռուբեն Մինասյանը դրանք ամփոփելով՝ շեշտեց, որ Հայաստան-սփյուռք համաժողովն այնքան էլ ներկայացուցչական չէ, որքան ներկայացվում է, քանի որ չեն հրավիրվում այն կազմակերպությունները, որոնք կապ չունեն ավանդական կուսակցությունների հետ: Բացի այդ, նրա գնահատմամբ, նման համաժողովներում չեն քննարկվում այնպիսի հարցեր, որոնք իրապես խնդիր են սփյուռքի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button