Մշակույթ

Հայաստանը ուրարտական ինը բացառիկ ցուցանմուշ է ներկայացրել Մետրոպոլիտենի թեմատիկ ցուցահանդեսին

Հայաստանի պատմության թանգարանը մասնակցում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Ասորեստանից մինչև Իբերիա. մայրցամաքների քառուղիներով դասական դարաշրջանի արշալույսին» միջազգային ցուցահանդեսին։ Այն մի մեծ նախագծի շարունակությունն է, որի երկու փուլերը կայացել են  2003 թ. «Առաջին քաղաքների արվեստը. Ք.ա. III հազարամյակը Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան» և 2008 թ. «Բաբելոնից անդին. արվեստը, առևտուրը և դիվանագիտությունը Ք. ա. II հազարամյակում» խորագրերով, հայտնում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։

Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել 2008 թվականին կայացած ցուցահանդեսին՝ բրոնզեդարյան մշակույթի եզակի նմուշով: Ներկայիս ցուցահանդեսի նպատակն է ցուցադրել Արևմուտքի  գեղարվեստական ավանդույթների ակունքներն ու զարգացումը, որոնց արմատները սերում են Հին Մերձավոր Արևելքի և Միջերկրականի երկրների մշակույթների փոխազադեցություններից Ք. ա. I հազարամյակում:

Ցուցահանդեսում ներկայացված 300 նմուշները փոխառված են Արևմտյան Եվրոպայի, Կովկասի, Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Միացյալ Նահանգների հայտնի թանգարաններից: Ցուցահանդեսին մասնակցում են 14 երկրների թանգարաններ` Լոնդոնի Բրիտանական թանգարանը, Փարիզի՝ Լուվրը, Բեռլինի պետական, Վատիկանի թանգարանները, Հայաստանի պատմության, Կահիրեի Հնությունների, Աթենքի Ազգային հնագիտական, Կիպրոսի ազգային, Հռոմի Էտրուսկների, Բեյրութի ազգային, Մետրոպոլիտենի արվեստի թանգարանները, ինչպես նաև թանգարաններ՝ Իսպանիայից, ԱՄՆ-ից և Իսրայելից:

Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին ներկայացրել է ուրարտական արվեստի ինը բացառիկ նմուշներ, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեն ցուցադրության համար որպես բացառիկ և արժեքավոր վկայություն` հավաստելով հայկական մշակույթի մշտական դերը և նրա ունեցած ազդեցությունը տարածաշրջանի` Ասորեստանի, Արևմտյան Իրանի և խեթական պետությունների արվեստի և մշակույթի համատեքստում:

Հայաստանի պատմության թանգարանի մասնակցությունն այս ցուցահանդեսին աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, հայկական բազմադարյան մշակույթի և արվեստի արժևորման և հանրահռչակման բացառիկ պատեհություն է:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2015 թվականի հունվարի 4-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button