ԿարևորՔաղաքական

Անհրաժեշտ է վավերացնել հայ- թուրքական արձանագրություններն առանց նախապայմանների, ասել է ԱՄՆ դեսպանի թեկնածուն

ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է Հայաստանի հետ երկկողմ ամուր հարաբերություններին, հակառակ նրան, որ Հայաստանի վերջին որոշ որոշումները հուսահատեցնող են, այդ թվում նաեւ ՄԱԿ- ի գլխավոր վեհաժողովում Ռուսաստանի հետ քվեարկությունն ընդդեմ Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանության, այսօր ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեի նիստում հայտարարել է ՀՀ- ում ԱՄՆ- ի դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլս կրտսերը։ Նրա թեկնածությունն է Սենատին առաջադրել նախագահ Բարաք Օբաման։

Խոսելով Հայաստանի՝ Եվրասիական միության անդամակցության մասին՝ դիվանագետը նշել է, որ այնուամենայնիվ ԱՄՆ հանդես է գալիս Հայաստանի շրջափակման թուլացման օգտին, ինչը մեծ հնարավորություն կտա Երեւանին կառուցել տնտեսական եւ անվտանգության բնագավառներում հարաբերություններ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ մերձավոր հարեւանների, ԵՄ եւ ԱՄՆ հետ։

Ռիչարդ Միլսը ընդգծելով, որ այս տարի լրանում է հայ- թուրքական արձանագրությունների ստորագրման հինգերորդ տարին, նշել է, որ ԱՄՆ- ը շարունակում է կարեւորել դրանց վավերացումն առանց նախապայմանների։ «Վարչակազմը կշարունակի պնդել ամենաբարձր մակարդակներում թուրքական կողմից արձանագրության վավերացման հարցում»,- հայտարարել է դիվանագետը։

Ռիչարդ Միլսը Ղարաբաղյան խնդիրը հատկապես կարեւորել է՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի «ԱՄՆ եւ ողջ աշխարհը ի նշան հայ ժողովրդի հետ համերաշխության նշելու է 20- րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի 100- րդ տարելիցը, երբ 1,5 մլն հայեր սպանվեցին եւ անցան մահվան ճամփաներով Օսմանյան Կայսրության վերջին օրերին»։ Դիվանագետը նշել է, որ այս ողբերգական իրադարձությունների տարելիցին կարեւոր է, որ Թուրքիան ճանաչի փաստերը եւ երկու երկրների կարողանան սկսել կերտել խաղաղ, արդյունավետ եւ բարգավաճ հարաբերություններ։

Ղարաբաղյան ձգձգվող հակամարտությունը ԱՄՆ կառավարության համար անհանգստության աղբյուր է, հատկապես վերջին մի քանի ամիսներին շփման գծում մարդկանց զոհվելու հետ կապված, նշել է դեսպանի թեկնածուն՝ շեշտելով, որ վարչակազմը ձգտում է խնդրի խաղաղ կագավորմանը Մինսկի խմբի շրջանակներում։

Ցուցադրել ավելի
Back to top button