ԿարևորՔաղաքական

Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովի նստում հայտարարել է ԱԺ փոխնախագահը

ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է փոխգործակցության ամրապնդումը ՍԾՏՀ ԽՎ շրջանակներում, որն այսօր հանդիսանում է Սեւծովյան տարածաշրջանում համագործակցության խթանման կարեւոր մարմիններից մեկը, հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Երեւանում այսօր անցկացված ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստում։

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ կարեւոր է, որ կազմակերպությունն արձագանքի մասնակից բոլոր պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է: «Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարեւան երկրի սահմանը, երբ Եվրոպական Միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ Հայաստանը հետամուտ է Լեռնային Ղարաբաղի խնդրի միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմքում պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ այդ իրավունքի իրացումը», -իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ 1915 թ. Թուրքիայի իշխանությունների կողմից պետական մակարդակով իրագործված ոճրագործությանը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Նրա խոսքով՝ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նա եւս մեկ անգամ կարեւորել է աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից:

«Եվրոպական Միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից եւ տասնամյակներ շարունակ իր ժխտողական քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի հաջորդ՝  44-րդ նիստը տեղի կունենա 2015 թվականի ապրիլի 15-16-ին՝ Անկարայում:

Ցուցադրել ավելի
Back to top button