ԿարևորՔաղաքական

Սեյրան Օհանյան.«Ստեղծվել է հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ես կողմ եմ , որպեսզի տարկետումը վերացվի: Տարկետման այն նվազագույն քանակությունը,  որն այսօր մնացել է,  դա էլ արդար չէ այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն օգտվում տարկետման հնարավորությունից: Պայմանները պետք լինեն հավասար բոլորի համար»,-ԵՊՀ ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ժառանգություն խմբակցության պատգամավորների տարկետման իրավունքը վերացնելու առաջարկի վերաբերյալ հարցին: Պաշտպանության նախարարը  նշել է, որ ստեղծվել է  հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ, որի շնորհիվ  հակառակորդի վերջին դիվերսիոն գործողությունները  հասել են մինչև հայկական կողմի ստեղծած  ինժեներական սարքավորումներն ու կանգ առել , հակառակորդը չի կարողացել առաջ գալ: 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի արդեն ավանդույթ դարձած հանդիպումները բուհերի ուսանողադասախոսական կազմի հետ, նախարարի մեկնաբանմամբ,  մեկ նպատակ են հետապնդում՝ հաշվետվությամբ ներկայանալ հասարակությանը, որի զավակներով է ի վերջո համալրվում հայոց բանակը: Մայր բուհում կայացած հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարն այսօր ներկայացրեց այն քայլերը, որոնք միտված են հայկական Զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովմանը:

Նախարարի տեղեկացմամբ վերջին տարիներին  ստեղծվել է հակառակորդի  դիվերսիոն գործողությունների դեմ պայքարի արդյունավետ համակարգ, դրանք ինժեներական սարքավորումներ են, որոնք թույլ չեն տալիս հակառակորդին մոտենալ անմիջապես մեր դիրքերին:  Հակառակորդի վերջին բոլոր դիվերսիոն գործողություններն, ըստ նախարարի, հասել են մինչև այդ  սարքավորումներն ու կանգ առել, հակառակորդը չի կարողացել առաջ գալ:

Նախախարի խոսքով՝ հակառակորդը չի կարողանում հանգիստ նստել: Նա որդեգրել է  բանակցային գործընթացին զուգահեռ  լարվածություն ստեղծելու, դրանով գործընթացի վրա ազդելու և ուժի դիրքից հայկական կողմի հետ խոսելու քաղաքականություն, բայց դա Ադրբեջանին չի հաջողվել: «Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր  հակառակորդը  ստանում է արժանի հակահարված»,-նշեց Սեյրան Օհանյանը:

«Հայաստանի ու Արցախի հետ պարտադրանքի լեզվով խոսելն այլևս անհնար է»:

«Արցախի ինքնորոշումն այլընտրանք չունի: Իսկ հաղթանակները, որ տարել ենք արցախյան գոյամարտի ժամանակ այսօր  բազմապատկվում են»,-շեշտեց պաշտպանության նախարարը: Ի  թիվս համալսարանականների մի շարք հարցերի, նախարար Օհանյանն այսօր անդրադարձավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների տարկետման իրավունքը վերացնելու առաջարկի վերաբերյալ հարցին: Նրա խոսքով տարկետման այն նվազագույն քանակությունը,  որն այսօր մնացել է,  դա էլ արդար չէ այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն օգտվում տարկետման հնարավորությունից: «Պայմանները պետք լինեն հավասար բոլորի համար: Ես կողմ եմ , որպեսզի տարկետումը վերացվի»,-նշեց նախարարը:

Back to top button