ԿարևորՔաղաքական

Ուորլիք. Մեր նպատակն է թափանցիկություն հաղորդել բանակցային գործընթացին

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ քննարկումները ներկա փուլում ընթանում են խաղաղության հաստատմանն ուղղված առանցքային տարրերի շուրջ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով մեկ օրով Վաշինգտոնից Երևան է ժամանել սեպտեմբերի 15-ի երեկոյան, հայտնում է «Արմենպրեսը»։

ԱՄՆ համանախագահը Հայաստանում կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ` մի քանի շաբաթ առաջ Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ տեղի ունեցած քննարկումները շարունակելու նպատակով: Ուորլիքը հույս հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանդիպել նաև մյուս շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովի ժամանակ:

«Այսօրվա մեր հանդիպման նպատակն է թափանցիկություն հաղորդել բանակցային գործընթացին` հայ ժողովրդին ներկայացնելով այն աշխատանքները, որ մենք տանում ենք: Վերջին մեկ տարվա ընթացքում ես փորձել եմ հնարավորինս ապահովել գործընթացի թափանցիկությունը` առանց կոմպրոմիսի ենթարկելու բանակցությունները: Շատ կարևոր է, որ հայ ժողովուրդը տեղյակ լինի մեր քննարկումների մասին: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ երկու երկրներում էլ հասարակությունները տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում»,- լրագրողներին հայտնեց Ջեյմս Ուորլիքը:

«Ես հասկանում եմ մարդկանց զայրույթը, բանակցությունները շարունակվում են արդեն քսան տարի: 1992-1994 թվականների պատերազմն ավերիչ էր երկու երկրների համար էլ: Մեզնից ոչ մեկը չի ցանկանում վերապրել այդ օրերը: Նման բարդ խնդրի շուրջ տարվող բանակցությունները երբեք հեշտ չեն լինում, բայց ինչպես ես արդեն նշել եմ ներկայումս հնարավորության պատուհան կա: Նախագահները լավ հանդիպում են ունեցել Վիեննայում անցած տարի նոյեմբերին և համաձայնության եկել, որ խնդրի կարգավորումը հնարավոր է: Ես չեմ կարող խոսել Սոչիում կայացած հանդիպման մասին, սակայն պետքարտուղար Քերիի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր: Քննարկումները ներկա փուլում ընթանում են այն առանցքային տարրերի շուրջ, որոնք հարկավոր են խաղաղության հաստատման համար: Այդ առանցքային տարրերի մասին ես նշել եմ Քարնեգի հիմնադրամում իմ ելույթի ժամանակ: Ցանկանում եմ նշել, որ համաձայնության գալը մի խնդրի վերաբերյալ դեռ բավարար չէ, համաձայնության պետք է գալ բոլոր վեց տարրերի շուրջ»,- հավելեց նա:

Ջեյմս Ուրլիքը նաև ընդգծեց, որ եկել է ժամանակը, որ բանակցությունները տարվեն ավելի պաշտոնական բանակցային մակարդակ: Ըստ նրա` մերթընդմերթ հանդիպումները նախագահների և արտաքին գործերի նախարարների միջև այլևս բավական չեն: «Կողմերը պետք է որոշեն, թե ինչ ձևաչափով և ինչպիսի գործընթաց պետք է լինի, և մենք այստեղ ենք այդ հարցում նրանց աջակցելու համար: Իմ հարցը` ուղղված երկու երկրներին, այն է, թե ինչու չի կարող լինել գործընթաց, մենք չենք նախանշում վերջնական արդյունք խաղաղությունից բացի, մենք չենք խնդրում կողմերից որևէ մեկին զիջումներ կատարել, մենք խնդրում ենք սկսել գործընթաց, որը կտանի խաղաղություն»,- ասաց նա` նկատելով, որ ՆԱՏՕ- ի գագաթնաժողովից հետո Միացյալ Նահանգներն իր հայտարարությունում կոչ էր արել կողմերին ավելի պաշտոնական բանակցային գործընթաց սկսել:

Անդրադառնալով սպառազինության ավելացման և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի խնդրին` ԱՄՆ համանախագահը նշեց, որ իրենք սերտորեն աշխատում են Ռուսաստանի հետ և չնայած աշխարհի մյուս շրջաններում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ տարաձայնություններին, իրենք համաձայնության են եկել ԼՂ խաղաղ կարգավորման հարցի շուրջ: «Մեզ անհանգստացնում է զենքի և զինամթերքի կուտակումը և դրա հնարավոր հետևանքները: Մեր ընդհանուր նպատակը խաղաղության հասնելն է: Զենքի վաճառքը այն խնդիրը չէ, որ անմիջականորեն քննարկվում է համանախագահների կողմից, սակայն մենք քննարկում ենք հայ-արդբեջանական սահմանին և շփման գծում տեղի ունեցող բռնությունների խնդիրը: Մենք անհանգստանում ենք տեղի ունեցած բռնությունների և դրանց արդյունքում մահվան դեպքերի վերաբերյալ: Վերջնական խաղաղության հասնելու համար այս ամենը պետք է դադարեցվի, և զինադադարը պետք է հարգվի»,- ընդգծեց Ուորլիքը:

Ցուցադրել ավելի
Back to top button