Քաղաքական

Ոստիկանապետին պաշտոնանկ անելու խնդիրը՝ խորհրդարանում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանական քառյակն այսօր վերջապես որոշելու եւ հրապարակելու է վաղուց խոստացված միասնական հանրահավաքի օրը եւ օրակարգը: Բայց մինչ այդ Ընդդիմադիրները նոր պահանջ ունեն: Հնարավոր է առաջիկայում խորհրդարանում բարձրացնեն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պաշտոնանկ անելու խնդիրը:

ՀԱԿ կուսակցության համար պայքարի նոր թիրախ է հայտնվել՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երկու օր առաջ իր արած հայտարարության պատճառով, թե «թեժ աշնան համար ունեն սառը ցնցուղներ»: ՀԱԿ կուսակցության մամուլի քարտուղար Արման Մուսինյանի գնահատմամբ՝ հայտարարությունն անարգանք էր բոլոր նորմերի հանդեպ, եւ համապատասխան արձագանքի պետք է արժանանա խորհրդարանական քառկյակի կողմից. «Այս սպառնալիքով, ըստ էության, փորձելով ասել, որ հասարակական բողոքները կճնշվեն, Վլադիմիր Գասպարյանը գերազանցել է իր լիազորությունները եւ կարծում եմ, ոչ իշխանական ուժերը նաեւ կփորձեն խորհրդարանում բարձրացնել նրա պատասխանատվության՝ հրաժարականի հարցը»:

Ի դեպ՝ հայտարարությունն արվել է խորհրդարանական քառյակի համատեղ հանրահավաքից առաջ: Այսօր քաղաքական ուժերը որոշում կկայացնեն եւ կհրապարակեն միասնական հանրահավաքի հստակ օրը: Օրակարգը նույնպես կորոշվի այսօր: Ինչ կոչեր կհնչեն՝ Արման Մուսինյանը խորհուրդ տվեց չշտապել, ամեն ինչ պարզ կդառնա շուտով, բայց խոստացավ՝ ընդդիմադիր հանրությանը չեն հիասթափեցնի:

«Մենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանում կունենանք որակապես նոր քաղաքական իրավիճակ»:

ՀԱԿ կուսակցության մամուլի քարտուղարը չի վստահում այն բոլոր հարցերին, որոնց հիմքում ընկած է ընդդիմության պասիվության մասին ակնարկը:

«Պատկերացրեք այսօր խորհրդարանն առանց ընդդիմության: Սա մեկ: Երկրորդ՝ միայն այս տարի կարողացանք ստիպել վարչախմբին ստիպել իր մոտեցումները կուտակայինի հարցի շուրջ եւ նահանջել: Շուրջօրյա հանրահավաքի սպառնալիքի ներքո կարողացանք հասնել նրան, որ պաշտոնից հեռացվեց Տիգրան Սարգսյանը: Եթե դուք այս բոլորը համարում եք քաղաքական պասիվություն, ապա ես չգիտեմ դուք ինչ եք ակնկալում ակտիվություն ասվածի տակ»:

Ընդդիմության այս տարվա անելիքներից է նաեւ պայքարը Սահմանադրական բարեփոխումների դեմ: Իհարկե, խորհրդարանական քառյակը այս հարցում միասնական չէ: Եթե քառյակի երեք ուժերը համարում են, որ սահմանադրական բաեփոխումները իշխանության վերարտադրության հիմք են ստեղծում, ապա քառյակից միայն դաշնակցությունն է կողմ բարեփոխումներին՝ երկրի ապագան տեսնելով խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button