Նախարար Աշոտյանն առաջարկում է թվայնացնել Գերմանիայում հայկական մշակութային ժառանգությունը
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշտոյանն այսօր Գերմանիա այցի ընթացքում կարևորել է Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտական կենտրոնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել գերմանական կողմին կենտրոնին աջակցություն ցուցաբերելու համար: Արմեն Աշոտյանն առաջարկել է Գերմանիայում գտնվող հայկական մշակութային ժառանգության թվայնացման նախագիծ իրականացնել։
Գերմանիա այցի ընթացքում այսօր ստորագրվել է միջբուհական համագործակցության համաձայնագիր։ Նախարար Աշոտյանը Սաքսոնիա-Անհալթ երկրամասի իր պաշտոնակցին հրավիրել է մասնակցելու 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովին։
Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Մագդեբուրգի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանների ռեկտորների հետ: Քննարկվել են միջբուհական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես համաձայնագիր է ստորագրվել Մագդեբուրգի համալսարանի և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև, որով նախատեսվում են երիտասարդ դասախոսների և բժիշկների փոխանակման ծրագրեր։
Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև ԳԴՀ Բունդեսթագում կրթական հարցերով հանձնաժողովի ղեկավար կազմի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: