Տնտեսական

Մաքսայինը վրեժխնդրությամբ է առաջնորդվում, ասում է իրանահայ գործարարը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Սեպտեմբերի 18-ից Մերգելյան ինստիտուտի սրահում իրանական ապրանքների ցուցահանդես կբացվի, որը կգործի երեք օր, կներկայացվեն 12 անուն գյուղատնտեսական ապրանքներ: Բացվող ցուցահանդեսը թվով 17-րդն է, որ անցկացվելու է Երևանում: Առիթից օգտվելով  Իրան — Հայաստան բարեկամության միության և «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ Լևոն Ահարոնյանը խոսել է հայ-իրանական տնտեսական կապերը խորացնելու, ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու մասին:

Իրանահայ գործարարն անկեղծ խոստովանեց՝ Հայաստանի բնակչությունը փոքրաթիվ է, երբ իրանցի գործարարները լսում են, որ 3 մլն բնակչություն ունեցող երկրի հետ պետք է համագործակցեն, թերահավատորեն են վերաբերվում և ձեռնպահ մնում կապեր հաստատել: Նրանք նախընտրում են մեծ բնակչություն ունեցող երկրների հետ գործակցություն հաստատել:

Այդուհանդերձ՝ ապրանքաշրջանառության ծավակը մեկ տարվա ընթացքում կազմում է 400-500 հազար դոլար: Գործարարն ասվածը կոնկրետացրեց  իր բիզնեսի օրինակով։ Ի դեպ՝  լրագրողների հարցմանն էլ ի պատասխան նշեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը չի խոչընդոտի հայ-իրանական կապերի զարգացմանը։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել է իրանահայ գործարարին իրանական արդյունաբերական քաղաք կառւցել Սիսիանում:

Մինչ իրանական արդյունաբերական քաղաք կառւցելը, սակայն, ավելի իրատեսական է գործարարի համար մեր երկրում իրանական  կենտրոն ստեղծելու գաղափարը:  Թեև Լևոն Ահարանյանը իր խոսքում ապրանքների մաքսազերծման խնդիրներից լուրջ դժգոհություն հայտնեց. «Ասում են 20 դոլար, ասում եմ՝ 10 եմ տվել էս ապրանքին, ասում է՝ չէ.. Մաքսայինը վրեժխնդրությամբ է առաջնորդվում»։

«Հայաստանում առևտուր անել չգիտեն, Խորհրդային Միության փլուզումից հետո կամաց-կամաց սովորում են»,- նկատառման ձևով  դիտողություն արեց իրանահայ գործարարը: Նա իբրև դիտողություն նաև նշեց, որ տուրիզմը չի զարգանում մեր երկրում և հյուրանոցները քիչ են:

Back to top button